▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանն առանց Թուրքիայի իմացության պատերազմ չի սկսի նորից

Hraparak.am-ը գրում է.

Օգոստոսին ղարաբաղաադրբեջանական շփման գծում պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, ինչի մասին արդեն տեւական ժամանակ խոսում են տարբեր վերլուծաբաններ, Արցախյան պատերազմի հերոս, ԴՕՍԱԱՖ-ի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանն անհավանական է համարում: Ըստ նրա՝ օգոստոսին չի բացառվում որոշակի սրացում սահմանին, որն արդեն քրոնիկ բնույթ է կրում, սակայն այն լայնամասշտաբ պատերազմի չի վերածվի:

- Համաշխարհային շախմատի տախտակի վրա մենք շատ փոքր խաղացող ենք: Պատերազմի վերսկսումը մեզանից կախված չէ: Ես մի քանի անգամ ասել եմ եւ ստիպված եմ կրկնել, որ մեզանից կախված է այնքանով, որ մենք միշտ սպասում ենք, որ մեզ խփեն, հետո նոր պատասխան տանք: Բայց մե՛նք պիտի խփենք ու նորից խփենք: Այժմ Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են վերաիմաստավորել իրենց հարաբերություններն ու կրկին մերձենալ, ինչից փորձում է օգտվել Ադրբեջանն ու այդ ֆոնին ռազմատենչ հռետորություն բանեցնել, հոխորտալ, պատերազմ սկսելու մասին լուրեր բաց թողնել: Բայց պատերազմը նրան հարկավոր չէ: Մենք շատ ենք գովում մեզ որպես պատերազմի վերսկսումը դատապարտող կողմ եւ փորձում ենք Ադրբեջանին սովորեցնել, թե պատերազմ սկսելն իր շահերից չի բխում: Մեր հասարակությունն էլ, հետեւելով այս ամենին, սկսում է կանխատեսումներ անել՝ «թուրքերը» մեզ վրա կհարձակվե՞ն, թե՞ ոչ: Պետք է հասկանալ, որ պատերազմի վերսկսումը երկու պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, չեն որոշում: Մասնավորապես, Ադրբեջանն առանց Թուրքիայի իմացության եւ թողտվության ոչ մի քայլ չի անում, Ադրբեջանին ստիպում են գնալ պատերազմի: Եթե անկեղծ ասեմ, իմ դիտարկմամբ, ապրիլյան պատերազմն էլ էր թուրքերի կողմից հրահրված: Ինչ վերաբերում է զրույցներին, թե կրկին պատերազմ կսկսվի, ապա ասեմ, որ Ադրբեջանը որդեգրել է գործողությունների զսպանակաձեւ պլան. պարբերաբար սահմանին հրահրել ռազմական գործողություններ, թեժ պահել իրավիճակը, կրակել սկզբից փոքր զենքերից, հետո՝ ավելի խոշոր, էլ ավելի խոշոր, եւ այսպես շարունակ:

Սակայն այս պահվածքը չի կարող վերածվել լայնամասշտաբ գործողության: Այդ հրահրումները թե ներքին, թե արտաքին քաղաքական խնդիրներ լուծելու համար են: Ի վերջո, Ադրբեջանը բազմատարր պետություն է եւ իր ներսում եղած պայթյունավտանգ իրավիճակը լուծելու համար դիմում է կեղտոտ ու ստոր մեթոդների, որոնցից մեկն էլ սահմանին լարվածություն հրահրելն է: Մի կարեւոր հանգամանք էլ. չնայած մենք ՀԱՊԿ անդամ ենք, սակայն պետք է ոչ մեկին չմեղադրենք մեզ այս կամ այն հարցում չաջակցելու համար, քանի որ ամեն երկիր իր պետական շահով է առաջնորդվում: Մենք ՌԴ-ի հետ բազմաթիվ պայմանագրեր ունենք ստորագրած, սակայն պետք է հասկանանք, որ մենք այլեւս դաշնակից չունենք, ավելին՝ չկա մեկը, որի հետ «ընկերություն» կարող ենք անել: Տեսեք Բելառուսի օրինակը, ինչպես է այդ երկրի ղեկավարը կառավարում պետությունը: Նա լիովին իրեն է ենթարկում պետությունը, ճիշտ է՝ այդ երկրում խոսքի ազատություն չկա, ու մի շարք այլ սահմանափակումներ կան, սակայն այդ երկրի քաղաքացիներն աշխատելու, ջանք թափելու, հոգեւոր արժեքներ կերտելու եւ դրանք ամեն կերպ պաշտպանելու հնարավորություն ունեն: Իսկ մեր երկրում չկա այդ արժեքները կերտելու եւ երկրին կառչած լինելու շահագրգռությունը, այդ պատճառով էլ մարդիկ լքում են երկիրը, դառնում գաղթական:

- Իսկ ի՞նչ կասեք ՀՀ զինված ուժերում նոր նշանակումների մասին, մասնավորապես, երբ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին, որի շուրջ սկանդալային պատմությունները դեռ չեն մոռացվել, նշանակվեց երրորդ կորպուսի հրամանատար:

- Նման նշանակումները բանակի ներքին խոհանոցին են վերաբերում, որոնք լայնամասշտաբ քննարկման նյութ դարձնել պետք չէ: Բնականաբար, ցանկացած փոխատեղում բանակում ինչ-որ նպատակ ունի, ինչի մասին ուզում է իմանալ ժողովուրդը: Իսկ երբ այդ մեկնաբանությունները չեն տրվում, հարցեր են առաջանում, մեկնաբանություններ արվում: Ընդհանրապես, բանակի մասին լավ կլիներ, որ դատողություններ եւ վերլուծություն անեին մարդիկ, որոնք բանակը ներսից գիտեն եւ լավ գիտեն: Բանակում, ինչպես ամեն մի աշխատող օրգանիզմում, խնդիրները, բացթողումները, բնականաբար, անխուսափելի են, բայց դրանք պետք է մատնացույց անել ու փորձել լուծումներ տալ եւ ոչ թե կենտրոնանալ դրանց վրա եւ անընդհատ սկսել քննադատել: Մի բան էլ ասեմ, որ ժողովուրդը կույր չէ, եւ եթե ոչ հիմնովին, ապա լավ գիտի իր բանակը, եւ հաճախ հնչող քննադատություններն էլ պատճառաբանված են: Սակայն կրկնում եմ՝ պետք է այդ քննադատություններն օգտագործել առկա խնդիրները լուծելու համար, այլ ոչ թե չարախնդալու եւ թշնամուն ուրախացնելու համար: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին