Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել երեք ընկերություններում, որոնցից երկուսը զբաղվում են ասֆալտապատմամբ ու բետոնի արտադրությամբ։
Այս մասին գրում է Civilnet.am-ը։
«Այս ընկերությունները սկսել են ակտիվ մասնակցել պետական գնումների մրցույթների եւ հաղթել։ Սիմոնյանն երկու ընկերություններում հանդես է գալիս տնօրենի, իսկ մեկում` փոխտնօրենի կարգավիճակով։
Այս տարվա փետրվարի 19-ին իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է «Եվրոասֆալտ1» ՓԲԸ-ն։ Նորաստեղծ ընկերության կանոնադրական կապիտալը ավելի քան 140 միլիոն դրամ է։ Ընկերությունում Կառլեն Սիմոնյանը տնօրեն է հիմնադրման օրվանից, իսկ բաժնետերը Արագածոտնի մարզի Ուշի համայնքի բնակիչ Սիրուշ Դավթյանն է։
Ուշիի համայնքապետ Սիմոն Սիմոնյանին սկզբից անծանոթ էր նշված անուն-ազգանունը, իսկ հետո ասաց՝ իրենց գյուղում հաշվառված նման անձ կա, պարզապես համագյուղացիների շրջանում նա հայտնի է Ռիտա անունով։ Ինչ վերաբերում է իր համագյուղացու բիզնես հետաքրքրություններին, համայնքապետն ասաց՝ այդ մասին լսում է առաջին անգամ: «Գյուղում բնակվում է, բայց ավել բան չգիտեմ։ Լինում է` գյուղում է լինում, լինում է` չի լինում։ Գյուղում ոչ մի բանով չի զբաղվում, չի աշխատում գյուղում։ Բիզնես կամ այլ բան ինձ հայտնի չի, մեր գյուղում, համենայնդեպս չկա, ես չգիտեմ էլ ինչ տերիտորիայի տեր ա, ինչ բիզնեսի տեր ա»,- ասաց համայնքապետ Սիմոնյանը։
ՍիվիլՆեթին հաջողվեց պարզել, որ Սիրուշ Դավթյանը միայնակ է ապրում, ընտանիք չունի, իսկ «Եվրոասֆալտ1»-ը նրա առաջին ու վերջին ընկերությունն է։
«Եվրոասֆալտ1»-ը հարկ վճարողների փնտրման համակարգում նշված է որպես անշարժ գույքի հետ կապված գործունեություն իրականացնող ընկերություն։ Այլ մանրամասներ չկան։
Մյուս ընկերությունը, որում Կառլեն Սիմոնյանը դարձել է տնօրեն այս տարվա մարտից, «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն է, որը զբաղվում է ասֆալտբետոնի արտադրությամբ։ Այստեղ կա երկու բաժնետեր՝ հավասար բաժնեմասերով՝ Սվետլանա Պողոսյանն ու Լուսիկ Գեւորգյանը։ Վերջինս գրանցված է Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում։ «Եվրոասֆալտ»-ն այս տարվա հունիսի դրությամբ ունեցել է 21 աշխատակից։ Այս ընկերությունն ակտիվ սկսել է ներգրավվել նաեւ պետական գնումների գործընթացին։ Այսպես, այս տարվա հունիսի 17-ին հրատապ բաց մրցույթի ընթացակարգով «Եվրոասֆալտ»-ը ճանապարհների վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար 368 միլիոն դրամի պայմանագիր է կնքել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ։ «Եվրոասֆալտ»-ն իրականացնելու է Շիրակի մարզի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի վերանորոգումը։ Ընկերությանը վճարումները ըստ ժամանակացույցի մեկնարկելու էին այս օգոստոսից։
Այժմ ընթացքի մեջ է մեկ այլ ներհամայնքային ճանապարհաշինարարական գնման գործընթաց, որի պատվիրատուն Ապարանի համայնքապետարանն է։ «Եվրոասֆալտ»-ը այս ծառայությունը մատուցելու համար առաջարկել է նվազագույն գին՝ 239,5 միլիոն դրամի չափով, վերջնական պայմանագիր սակայն դեռ չի կնքվել։
Կառլեն Սիմոնյանը «Եվրոասֆալտ»-ում որպես տնօրեն գրանցվելիս ու հետադարձ կապի միջոց ներկայացնելիս նշել է k.simonyan@tsconstruction.am էլեկտրոնային հասցեն։ «Թի էս քնսթրաքշն» ընկերությունը հիմնվել 2019-ին, բաժնետերը Երեւանում գրանցված Մարիետա Ավագյանն է, իսկ «Թի էս քնսթրաքշն»-ը նրա միակ ընկերությունն է։
Linkedin սոցիալական ցանցում Կառլեն Սիմոնյանը նշել է, որ «Թի էս քնսթրաքշն»-ի փոխտնօրենն է։ Այս ընկերությունը զբաղվում է բետոնի արտադրությամբ, որի ստուգումն անցկացնում է սեփական լաբորատորիայում ու կազմակերպում է մատակարարում։ «Թի էս քնսթրաքշն»-ն ունի 21 տեխնիկա ու 30 մասնագետ, իսկ ձեռք բերված բետոնխառնիչ-մեքենաները Mercedes-Benz Actros մակնիշի են, որոնց շուկայական գինը տատանվում է 60-70 հազար դոլարի շրջանակում։ Շինարակական ոլորտի փորձագետների ու տնտեսվարողների խոսքով՝ «Թի էս քնսթրաքշն»-ը մրցակից համարվող այլ ընկերություններից տարբերվում է ձեռք բերված տեխնիկայի որակով ու դրա շնորհիվ արտադրության բարձր ցուցանիշներով, ընկերության ենթակառուցվածքների վրա իրականացված խոշոր ներդրումներով։
«Թի էս քոնսթրաքշն»-ի գործունեությանն անդրադարձել էր «Փաստերի ստուգման հարթակ»-ը՝ նշելով, որ ընկերությունը Շենգավիթ վարչական շրջանում երեք տարով արդյունաբերական նպատակներով ջրօգտագործման թույլտվություն է ստացել, իսկ 2020-ին բետոնի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունը, որի տնօրենը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի համագյուղացի Արսեն Միքայելյանն է, 5 միլիոն դրամի նվիրատվություն էր կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- գրում է լրատվամիջոցը։