Ակնհայտ է, որ մեր հարևան երկրի ղեկավար, նորահայտ բռնապետ կրտսեր Ալիևի բոլոր ախտերին արդեն ավելացավ եվս մեկը` անմեղսունակությունը: Սա այն դեպքն է, երբ մարդն ադեկվատ չէ իրավիճակին, խառնում ու նենգափոխում է փաստերը, աղավաղում ու խեղաթյուրում է իրականությունը, այլ կերպ ասած, ծայրաստիճան անլրջանում է, ում երբեմն կարելի է նույնիսկ խղճալ:
Այս պարագայում տրամաբանական հարց է ծագում. արդյո՞ք, պետք է շարունակել երկխոսել արդեն ամեղսունակության շատ կոնկրետ համախտանիշով տառապող մեկի հետ, ով հայտարարում է, որ ներկայիս Հայաստանը Ադրբեջանի պատմական հողերն են: Պատասխանն այս պարագայում կարծում եմ` միանշանակ մերժողական պետք է լինի:
Նրանք, ովքեր պնդելու են հակառակը, արդյո՞ք կարող են հիմնավորել, թե ինչի շուրջ պետք է շարունակվի երկխոսությունը: Այս դեպքում էլ կարող են լինել մարդիկ, ովքեր կհայտարարեն, թե իրականում այս կարգի հայտարարություններն ավելի շատ ներքին լսարանին են ուղղված և նմանօրիանակ այլ ժամանակավրեպ հիմնավորումներով կփորձեն «փափուկ բարձ դնել գլխներիս տակ», բայց դրանք ակնհայտորեն զուր ջանքեր են:
Իսկ, այնուամենայնիվ, նման հիվանդ երևակայության արգասիք հանդիսացող զառանցանքներով, ինչի՞ է ուզում հասնել Ալիևը: Հարցը գնալով հռետորական է դառնում, քանի որ, գրեթե վստահ կարելի է լինել, որ ինքն էլ չի հասկանում իր ուզածը: Իսկ, գուցե՞ ուզում է մեզ հավասարակշռությունից հանել և դրդե՞լ իռացիոնալ քայլերի, ով իմանա՞ նման հոգեվիճակի մեջ գտնվող մարդկանց իրական ցանկությունների մասին…