«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 24-ին մասնակցելով պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական ինստիտուտի նոր ուսումնական ծրագրի մեկնարկի արարողությանը՝ Սերժ Սարգսյանն իր ունեցած ելույթում անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ Ժնեւի հանդիպմանը: Ընդ որում, Սարգսյանի անդրադարձը բավականին տարօրինակ է եւ հակասական: Բանն այն է, որ Սարգսյանը, մի կողմից, ոչինչ չի ասել սահմանին լարվածությունը մեծացնելու՝ Ադրբեջանի այսպես ասած հետժնեւյան քայլերի մասին՝ համենայնդեպս ուղիղ իմաստով, մյուս կողմից՝ նա գործնականում հայտարարել է, թե կա՛մ բանակցում են, կա՛մ կրակում՝ երկուսը մեկտեղ հնարավոր չէ: Սակայն հատկանշական է նաեւ, որ Սարգսյանը չի խոսել հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման անհրաժեշտության մասին, թեեւ, օրինակ, նախօրեին ադրբեջանական կողմից «Սպայկ» հրթիռների եւ արկերի կիրառումը կարծես թե Երեւանին հնարավորություն եւ առիթ է տալիս ընդգծել իր դիրքորոշման իրավացիությունը, որ քանի դեռ չկան այդ մեխանիզմները, բանակցությունն անիմաստ է:
Ավելին, Սարգսյանը հայտարարել է, թե անհամբեր սպասում է Ալիեւի հետ հաջորդ հանդիպմանը՝ նրան հարցնելու համար, թե Ժնեւի հանդիպման այդ ինչ պայմանավորվածություն է խախտել ինքը, ինչպես հայտարարել էր Ալիեւի օգնական Նովրուզ Մամեդովը: Ինչպես հայտնի է, Մամեդովը հայտարարել էր, թե Սարգսյանը խախտել է հանդիպմանը քննարկված բովանդակությունը չբարձրաձայնելու մասին լռությունը, շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանն արված հայտարարություններով: Մի բան շատ հետաքրքիր է՝ Ժնեւից առաջ Սերժ Սարգսյանն իր խոսնակի միջոցով ուղղակի անխնա անարգանքի ենթարկեց Ալիեւին, արձագանքելով նրա հայտարարությանը, թե հայկական կողմը հանդիպման է գնում՝ հրաժարվելով իր դրած նախապայմաններից կամ պայմաններից: Սերժ Սարգսյանի խոսնակի արձագանքը գրեթե հայհոյանք էր Ալիեւի հասցեին: Իսկ ահա Ժնեւի հանդիպումից հետո ակնառու է դառնում Սարգսյանի հոգատարությունը Ալիեւի հանդեպ: Օրինակ, Ժնեւից առաջ Սարգսյանը նրան մեղադրում էր պայմանավորվածությունները խախտելու համար:
Ժնեւից հետո Ալիեւը հրթիռակոծում է հայկական դիրքերը, սակայն Սարգսյանը խնայում է Ալիեւին եւ նրան չի ուղղում գրեթե ոչ մի մեղադրանք: Ինչո՞վ է պայմանավորված այդ դիվանագիտական «հոգատարությունը» Ալիեւի նկատմամբ, որ ցուցաբերում է Սարգսյանը: Նա հայտարարում է, թե «անհամբեր սպասում» է հաջորդ հանդիպմանը, որպեսզի հարցնի Ալիեւին, թե ինչն է նրան այդպես զայրացրել: Այստեղ իհարկե հարց է առաջանում նաեւ, թե արդյո՞ք արդեն իսկ կա հաջորդ հանդիպման պայմանավորվածություն, թե՞ Սարգսյանը հընթացս հանդես է գալիս դրա առաջարկով: Ավելին, կա տպավորություն, համենայնդեպս, դատելով Սարգսյանի արձագանքի այսպես ասած մեղմությունից, որ Ժնեւից հետո սահմանին իրավիճակի որոշակի լարումը հայկական կողմի համար ամենեւին անակնկալ չէր: Եվ հարց է առաջանում, արդյո՞ք դա Սերժ Սարգսյան-Ալիեւ զրույցի մաս էր: Ընդհանրապես, Սերժ Սարգսյանն այսօր հայտարարել է, որ Ալիեւի հետ հանդիպմանը քննարկել են լիովին այլ հարցեր, որոնք չեն առնչվում շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանն ասվածին, եւ իր այդ հայտարարություններով ինքը կես բառ անգամ չի գաղտնազերծել իրենց զրույցը, ինչպես հայտարարել է Սարգսյանն այսօր: Այդ առումով էլ հարց է առաջանում, թե, ուրեմն ի՞նչ են քննարկել Սարգսյանն ու Ալիեւը, եթե ոչ այն, ինչի մասին Սարգսյանը հետո հայտարարել էր հայկական համայնքի հետ հանդիպմանը: Ո՞րն է եղել նրանց զրույցի թեման: Եվ արդյո՞ք այդ համատեքստում իրավացի չէր հանդիպումից հետո մեր այն գնահատականը, որն առիթ ենք ունեցել հնչեցնել, այն մասին, որ Սարգսյան-Ալիեւ Ժնեւի հանդիպման օրակարգում ավելի շուտ եղել են Հայաստանի եւ Ադրբեջանի ներքին իշխանական եւ քաղաքական իրավիճակներին առնչվող հարցեր, քան բուն ղարաբաղյան թեմատիկային: Եվ այդ իմաստով, հայտնելով, որ չի գաղտնազերծել եւ ոչ մի բառ, Սերժ Սարգսյանը գործնականում բավական նրբորեն գաղտնազերծում է Ժնեւը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում