▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ կանենք, որ մեր կյանքի հեքիաթում չար մարդ չլինի. Մովսես Գորգիսյանի դստեր նամակը

«Հայրի՛կ, իմ սիրելի  հայրիկ, շնորհավոր ծնունդդ:

Քեզ հղված լավագույն բարեմաթանքը հոգուդ խաղաղությունն է:

Դու ռազմի դաշտ գնացիր ու ետ էլ չնայեցիր: Կարծում ես մոռացե՞լ եմ: Հրաժեշտ չտվեցիր... Ուզեցիր միշտ սպասե՞մ... Գիտե՞ս ինչ դժվար է սպասումը:

Տեսնես ի՞նչ մտածեցիր: Ինձ հիշեցի՞ր: Ես քեզ այնքան եմ կարոտել: Ես քո կարիքն այնքա՜ն եմ զգում: Արդեն 7 տարի է՝ ինձ չես համբուրում: Քանի որ հայրենիքդ ինձանից թանկ էր, դու նրան ընտրեցիր: Ասում էիր՝ «Աստված, Ազգ, Հայրենիք»: Իսկ ե՞ս. Ես որտե՞ղ տեղավորվեմ:

Ասում էիր՝ մենք միասին կհաղթենք չարերին:

Ուղեկցի՛ր ինձ, հա՛յր, օգնի՛ր ինձ իմ կյանքի ճանապարհին:

 Ես էլ զինվորի մայր կդառնամ, բայց որդուս բանակ ճանապարհելիս կօրհնեմ և անփորձանք ծառայություն կմաղթեմ:

Որովհետև վստահ եմ, որ նա անպայման կվերադառնա:

Նա իմ հոր, իմ և իր հայրենիքն ապրելով պիտի պաշտպանի:

Ես հավատում եմ քեզ: Ես գիտեմ՝ ամեն ինչ կանենք, որ մեր կյանքի հեքիաթներում է՛լ չար մարդիկ չլինեն: Հայր, խնդրում եմ, ասա ինձ,ասա, որ ես քեզ համար ավելի թանկ էի, այնքան թանկ, որ նույնիսկ կյանքդ զոհեցիր՝ ինձ հայրենիք տալու համար։

Շնորհակալ եմ: Դուստրդ՝ Գոհարիկ»

03.12.1996թ.

 

«Պարտադիր չէ շղթան ձեռքին կամ վզին լինի, նախ հոգին պետք է ազատել շղթաներից»:

«Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու»:

«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»:

«Հոսող գետը չի հոգնում: Մենք հոսելով ու ալեկոծվելով պիտի մաքրվենք և դրա մեջ գտնենք մեր պայքարի բարոյականությունը»:

 Մովսես Գորգիսյան

 

Այսօր ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը կդառնար 52 տարեկան:

Մովսես Գորգիսյանը դարձավ Անկախության առաջին սերմնացանը, ազատատենչ հայ ժողովրդի միասնության մարմնացումը և  խորհրդային կարգերի արգելքներից հետո առաջին անգամ հպարտորեն ծածանեց Հայոց Եռագույնը:

 Նրան ոչ ոք չկարգեց առաջնորդ: Նա այդպիսին էր ի ծնե: Նրան հավատացին ու հետևեցին:

18 տարեկանում անդամագրվել է Խորհդդային Միությունում գործող միակ ընդհատակյա Ազգային Միացյալ Կուսակցությանը /ԱՄԿ-ին/, որի առաջնահերթ նպատակն էր Հայաստանի  անկախ պետականության վերականգնումը :

1987թ-ին ԱՄԿ-ի 5 նվիրյալներ, ստեղծեցին Ազգային Ինքնորոշում Միավորումը /ԱԻՄ/, և քաղաքական պայքարը  ընդհատակից  դուրս բերեցին բացահայտ գործունեության:

 «Պարտադիր չէ շղթան ձեռքին կամ վզին լինի, նախ հոգին պետք է ազատել շղթաներից»,- ասում էր Մովսեսը և վանելով հոգու կապանքները, հայ մարդու մեջ սերմանում էր ազատության  տենչը:

Անուրանալի է նրա դերը  ազգային-ազատագրական պայքարում: Հանրահավաքներին նրա ելույթները հնչում էին համոզիչ, ազդեցիկ և գրագետ: Օժտված էր մարդկանց համախմբելու բացառիկ կարողությամբ: Նրա շուրջը հավաքվում և բռունցքվում էին տարբեր գաղափարների տեր մարդիկ:

1990-ի հունվարին  Երասխավանի բախումները ազդարարեցին հայ-ադրբեջանական պատերազմի սկիզբը: Մովսեսի առաջին մարտը դարձավ նաև վերջինը…

 Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին