Այսօր ՀՀ ազգային հերոս, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 60 տարեկան:
«Մոնթեն չհուսահատվող էր: Մինչև Հայաստան գալն այնպիսի դժնդակ պայմաններով է անցել, որ շատերը հենց սկզբից կարող էին հուսահատվել ու փոխել իրենց կյանքի ուղին: Նա ոչնչից չէր վախենում: Իրեն ամենից շատ նյարդայնացնում, տանջում էր մարդկանց անպատասխանատվությունը: Սա իրոք մաշեցնում էր նրա հոգին: Ամեն օր պայքար էր մղում տեղում կատարվող անարդարությունների, կաշառակերության, անհոգության, ստոր հաշվարկների դեմ»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոնթե Մելքոնյանի ընկեր, «Մոնթե Մելքոնյան» ՀԿ տնօրեն Ալեք Ենիգոմշյանը:
Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ ցեղասպանության ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թվականներին ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան` իր պապերի ծննդավայրը: Այդ տարիքում առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը: 1973 թ., որպես առաջավոր աշակերտ, փոխուսուցման ծրագրով նրան ուղարկել են Ճապոնիա, որտեղ 18 ամիս սովորել է Օսակա քաղաքում: Այդ ընթացքում իր իսկ նախաձեռնությամբ ճամփորդել է Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներում, այդ թվում` Հարավային Կորեայում, Կամբոջիայում, Թաիլանդում, Վիետնամում: 1978թ. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը` բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում: Ուսանելու տարիներին մի քանի ընկերների հետ հիմնել է Բերկլիի համալսարանի «Հայ ուսանողների միությունը»` նպատակ ունենալով համախմբել Բերկլիում սովորող սփյուռքահայ երիտասարդությանը կազմակերպության միջոցով համապատասխան աշխատանք կատարել ազգային նշանակության խնդիրների լուծման համար: Տիրապետել է 7 լեզուների: Գրել է ուսումնասիրություններ ազգային-ազատագրական պայքարի մասին: 1980թ. անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ): Կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և Հռոմում թուրք դիվանագետի դեմ մահափորձ կատարելու կասկածով 1981թ. նոյեմբերի 11-ին ձեռբակալվել է Օրլիի օդանավակայանում և մեկ ամիս հետո ազատ արձակվել: Սակայն 1981թ. վերջից ապրել է ընդհատակում: 1991թ. սեպտեմբերի 12-ին ֆրանսաբնակ հայուհու հետ իբրև թարգմանիչ Ավո կեղծանվամբ, մեկնել է Արցախի հյուսիսային դարպաս` Շահումյանի շրջան: Մ. Մելքոնյանը մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ղեկավարել է Մարտունու (գրաված գյուղեր), Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Զոհվել է 12.06.1993թ. Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:
Անի Կարապետյան