▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության համագումարի գաղտնիքներն ու անակնկալները

Քլիվլենդում շարունակվող Հանրապետական կուսակցության համագումարն այսօր էլ բոլորին անակլնալներ մատուցեց:

Հիմնական անակնկալը Դոնալդ Թրամփի առաջադրումն էր որպես Հանրապետական կուսակցության թեկնածու առաջիկայում սպասվող Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում: Բանն այն է, որ Հանրապետական կուսակցության ներսում Թրամփի ընդդիմադիրները հույս ունեին համագումարի ընթացքում փոխել ուժերի հարաբերակցությունը եւ այլ թեկնածու առաջադրել: Սակայն, համագումարի առաջին իսկ օրն այդ փորձերը խափանվեցին Թրամփի կողմնակիցների կողմից, որոնք թեկնածու ընտրելու ստույգ ընթացակարգ ընդունեցին: Այսպիսով, նրանք, ովքեր նախնական ընտրությունների ընթացքում խոստացել էին ընտրել Թրամփին, պետք է այդպես էլ անեին: Փոխարենը Թրամփն իր կողմնակիցներին խոստացավ համոզիչ հաղթանակ հավանական դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ:

Ի դեպ, Քլինթոնների մասին հատուկ զեկույցով հանդես եկավ Արկանզաս նահանգի գլխավոր դատախազ Լեսլի Ռաթլեջը: Արկանզասը Քլինթոնների հայրենի նահանգն է, որտեղ էլ Քլինթոնները հանդիպել են, ամուսնացել եւ արել առաջին քայլերը քաղաքական ասպարեզում. Բիլը որպես Արկանզասի գլխավոր դատախազ իսկ Հիլարին՝ որպես Միացյալ Նահանգների ամենաբարձր վարձատրվող իրավաբաններից մեկը:

Լեսլի Ռաթլեջն իր ելույթում նշեց, որ չնայած Քլինթոնների մասին իրեն շատ բացասական բաներ են հայտնի, էլ ավելի շատ տեղեկություններ կարող են անհայտ մնալ: Ուստի, եզրակացրեց հանրապետական դատախազը, պետք է համախմբվել Թրամփի շուրջ եւ թույլ չտալ Քլինթոնի հաղթանակը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում: Իսկ հանրապետականների նախկին թեկնածու Բեն Քարսոնն ասաց, որ Հիլարի Քլինթոնի հերոսը ոչ այլ ոք է քան ինքը՝ Սատանան: Լսելով այդ եւ մի քանի այլ ելույթներ, համագումարին ներկա հանրապետականները սկսեցին բացականչել՝ ձերբակալել Հիլարիին:

Չնայած հանրապետականները դեմոկրատներին չեն սիրում, երբեմն նրանց կրկնօրինակում են: Դոնալդ Թրամփի տիկին Մելանիայի ելույթում լրագրողները բազմաթիվ նմանություններ էին գտել Միշել Օբամայի 2008 թվականի ելույթի հետ: Արդյունքում՝ Մելանիա Թրամփին մեղադրեցին գրագողության մեջ, ինչը սակայն, բոլորովին էլ չխանգարեց Թրամփին հերթական ելույթի ընթացքում Մելանիային ներկայացնել որպես Միացյալ Նահանգների Առաջին տիկին: Ի պատասխան, Մելանիա Թրամփն ասաց, որ եթե կա մեկը, ով ի վիճակի է Ամերիկան կրկին դարձնի աշխարհի առաջատար, ապա դա իր ամուսինն է, ով, խոստացավ Մելանիան, երբեք չի հանձնվի:

Հատկանշական է, որ այս համագումարին բազմաթիվ ելույթներով հանդես են գալիս հանրահայտ հասարակական անձինք, դերասաններ եւ երգիչներ, մինչդեռ Հանրապետական կուսակցության քաղաքական վերնախավի բազմաթիվ դեմքեր համագումարին ընդհանրապես չեն այցելել: Վերլուծաբանների կարծիքով՝ դրանով հանրապետական քաղաքական գործիչներն անհամաձայնությունն են արտահայտում կուսակցության մեծամասնության կողմից Թրամփի՝ որպես նախագահի թեկնածու առաջադրման դեմ:

Մինչ հանրապետականները համագումարին միմյանց միջեւ խնդիրներ էին լուծում՝ դահլիճի այն կողմը, Քլիվլենդի փողոցներում ցույցեր էին անցկացնում Դոնալդ Թրամփի ընդդիմադիրները: Լիբերալներ, դեմոկրատներ, ազգային փոքրամասնություններ՝ բոլորը համախմբվել էին, կոչ անելով թույլ չտալ Դոնալդ Թրամփի հաղթանակը: Թրամփի կրքոտ կողմնակիցներին եւ ընդդիմադիրներին բարեբախտաբար չհաջողվեց միմյանց հանդիպել՝ նրանց միջեւ անընդհատ գտնվում էին ոստիկանները, որոնց թիվը Քլիվլենդում ավելացել էր՝ համագումարի օրերին որեւէ ապօրինի անակնկալներից խուսափելու նպատակով:

Համագումարի երրորդ օրը նվիրված է լինելու հոգեւոր խնդիրներին, ելույթ են ունենալու հոգեւոր առաջնորդներ իսկ Դոնալդ Թրամփը կպատմի իր հոր մասին:

Ամերիկայի ձայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին