Դենվեր քաղաքի Հայոց ցեղասպանության հուշահամալիրին Քեյլի Մըքենանի անդրադարձը ակտիվորեն քննարկվեց մամուլում: Սպիտակ տունը իր պարզաբանումները տվեց այս առիթով:
Երկուշաբթի օրը Սպիտակ տան մամլո խոսնակ Քեյլի Մըքենանն արտաբերեց ՛՛Հայոց ցեղասպանություն՛՛ արտահայտությունը՝ անդրադառնալով ամերիկյան Դենվեր քաղաքում վանդալիզմի զոհ դարձած Հայոց ցեղասպանության հուշահամալրին: Այն հարձակման էր ենթարկվել մի քանի շաբաթ առաջ ռասայական խտրականության դեմ բողոքի ցույցերի ընթացքում:
՛՛Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ՛՛,- նշել էր Սպիտակ տան մամլո խոսնակը:
Ի պատասխան Ամերիկայի Ձայնի հայկական ծառայության հարցմանը՝ Սպիտակ տունը հայտնել է, որ վարչակազմի քաղաքականությունն այս հարցում փոփոխության չի ենթարկվել՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ ''Մեծ Եղեռնը պատմական ոճրագծություն և ողբերգություն է, և ԱՄՆ կանգնած է հայ ժողովրդի կողքին'':
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշումից, որի երկու պալատները՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը, անցած տարի ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեր: Վարչակազմը 1915 թվականի իրադարձությունները Օսմանյան կայսրության տարածքում խուսափում է որակել ՛՛ցեղասպանություն՛՛՝ ապրիլի 24-ի նախագահի տարեկան ուղերձում այս առիթով օգտագործելով ՛՛Մեծ Եղեռն՛՛ եզրը:
Սպիտակ տան մամլո խոսնակի խոսքերն ակտիվ քննարկումների առարկա դարձան մամուլում ու խնդրի հետ առնչվող շրջանակներում: Թուրքիան արձագանքել է մամլո խոսնակի խոսքերին՝ լրատվամիջոցներին հայտնելով, որ Թրամփի վարչակազմի դիրքորոշումն այս հարցի շուրջ լայնորեն հայտնի է: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ անընդունելի է որակում ՛՛Հայոց ցեղասպանություն՛՛ եզրի օգտագործումը՝ կարծիք հայտնելով, որ մամլո խոսնակի կողմից դրա կիրառումը ''լեզվի ցավալի սայթաքման արդյունք է, որը խնդրին տվել է այլ բովանդակություն'':
Ամերիկահայ կազմակերպությունները ևս արձագանքել են մամլո խոսնակի խոսքերին: Ամերիկայի հայկական համագումարը մամուլի միջոցով երախտագիտություն է հայտնել վարչակազմից Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիշատակելու համար, իսկ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը նշել է, որ Մըքենանի մեկնաբանությունը կարող է առաջին քայլը հանդիսանալ դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում ԱՄՆ-ի իշխանությունների բոլոր մարմինների կողմից: