▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնուս եզակիությունը ամենաքիչն է, որ պատրաստ եմ զոհաբերել.Աննա Հակոբյանի ելույթը «Կարնեգի» հիմնադրամում

Աննա Հակոբյանի ելույթը «Կարնեգի» հիմնադրամում: Ելույթից մի հատված՝ թարգմանաբար՝ ստորև.

«Հարգելի՛ պարոն Ստրոնսկի,

Տիկնա՛յք և պարոնա´յք

Ինձ համար մեծ պատիվ է գտնվել մի կենտրոնում, որի հիմնադիրներն իսկապես հավատում են կրթության արժեքին, ինչպես նաև խաղաղության ամրապնդման գործում՝ միջազգային համագործակցությանը: Շատերն են երազում աշխարհում խաղաղության հաստատման մասին, բայց քչերն են գործում հանուն այդ երազանքի իրագործման: «Կարնեգի» հիմնադրամի հիմնադիրները գործել են՝ ստեղծելով հանրային գրադարաններ տեղական համայնքներում, հիմնադրելով Պիտսբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը, ինչպես նաև ֆինանսավորելով Հաագայում Խաղաղության պալատի ստեղծումը:

Հենց այս տրամաբանությամբ էլ պայմանավորված՝ մարդիկ, ովքեր կանգնած էին նման հավակնոտ ծրագրերի ակունքներում, առաջ քաշեցին համաշխարհային  խաղաղության «Կարնեգի» հիմնադրամ ստեղծելու գաղափարը: Աշխարհի գրեթե բոլոր անկյուններում ստեղծելով իր մասնաճյուղերը՝ հիմնադրամը փորձում է հակամարտությունների լուծման ճանապարհներ հարթել և առաջարկել բանաձևեր բացառապես խաղաղություն հաստատելու նպատակով:

 

 

 

 

 

 

 

 

 

Շնորհակալ եմ այս հանդիպման կազմակերպիչներին, ինչպես նաև այս հանդիպման մոդերատոր, փորձառու դիվանագետ և մեր տարածաշրջանի հարցերով առաջատար փորձագետ պարոն Ստրոնսկուն, ովքեր ջանքեր են գործադրում իրենց նախորդների գաղափարներն ու նպատակներն իրականություն դարձնելու համար, այդ կերպ նպաստելով աշխարհում խաղաղության հաստատմանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ապրելով Հարավային Կովկասում, մի տարածաշրջան, որը մշտապես գտնվել է բախումների խաչմերուկում՝ մենք մեր փորձով իսկ գիտենք խաղաղության իրական գինը: Ամենևին միամիտ չեմ, որպեսզի կարծեմ, որ խաղաղությունը դա հակամարտությունների բացակայությունն է: Ես չեմ խոսում լիակատար խաղաղության մասին:

Ես չեմ խոսում նաև իրավական խաղաղության մասին: Խաղաղությունը միայն համաձայնագրերը չեն: Ժամանակը ցույց է տվել, որ չտարածման, զսպման և կանխարգելման մասին բոլոր համաձայնագրերը չեն կարող ծառայել իրենց իրական նպատակին, քանի դեռ խաղաղությունը մարդկանց մտքերում և սրտերում չէ:

Ես ոչ էլ խոսում եմ քաղաքական խաղաղության մասին: Դրա շուրջ բանակցելը  քաղաքական գործիչների և համաշխարհային առաջնորդների գործն է: Բայց քանի դեռ նման բանակցությունների խթանը միայն սեփական ժողովրդի համար խաղաղության հաստատումն է, այլ ոչ թե՝ բոլոր տղամարդկանց ու կանանց համար, քանի դեռ այդ բանակցությունների խթանը խաղաղության հաստատումն է մեր ժամանակների համար, այլ ոչ թե խաղաղության հաստատումը բոլոր ժամանակների համար, նման բանակցություններն իրենց նպատակին չեն ծառայելու:

Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպիսի՞ խաղաղության մասին եմ ես խոսում: Ես խոսում եմ իրական խաղաղության մասին։ Խաղաղություն, որը պայմաններ է ապահովում զարգացման և բարգավաճման համար: Խաղաղություն, որն ապահովում է հաջողություն նոր նախաձեռնությունների համար: Խաղաղություն, որի հիմքում հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու կամքն է: Թղթի վրա գրվածը իրականություն դարձնելու անկեղծ ցանկության մասին է խոսքը

ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին մի առիթով շատ դիպուկ է արտահայտվել. «Խաղաղությունը, ամենօրյա, շաբաթական ու ամսական գործընթաց է, աստիճանաբար փոխվող մտածելակերպ, դանդաղ քայքայվող հին արգելքներ և աստիճանաբար ստեղծվող նոր կառույցներ»: Մեզանից յուրաքանչյուրը` կին և տղամարդ, ուսուցիչ և աշակերտ, զինվոր և քաղաքական գործիչ պետք է իր դերակատարումն ունենա այդ գործընթացում:

Այս ամենը հաշվի առնելով և փորձելով իմ դերակատարումն ունենալ խաղաղության հաստատման գործում, 2018 թվականին հանդես եկա «Կանայք հանուն խաղաղության» արշավի նախաձեռնությամբ: Բոլորն էլ հասկանում են, որ այս նախաձեռնության հիմքը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Այնուամենայնիվ, հակամարտության աշխարհաքաղաքական առանձնահատկությունները դուրս են այս նախաձեռնության շրջանակներից: Այս նախաձեռնությունը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ կուսակցության հետ,  նախաձեռնությունը չի պաշտպանում հակամարտության կարգավորման որևէ մոդել, նախաձեռնությունը չի ձգտում մտնել հակամարտության քաղաքական ենթատեքստի մեջ:

Որպես մայր և կին, ես վստահ եմ, որ ամենակարևորը մարդկային կյանքն է, այն երիտասարդների, որոնք իրենց կյանքով են վճարում այս հակամարտության գինը:

Հենց այս պատճառով էլ «Կանայք հանուն խաղաղության» արշավը առաջին հերթին և գլխավորապես նպատակ ունի կանխել մարդկային կյանքերի կորուստը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի համար, քանի դեռ ընթանում են խաղաղ բանակցությունները: Գաղափարը ծնվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո, պատերազմ, որը խլեց հարյուրավոր երիտասարդ կյանքեր բոլոր կողմերից: Արդյունքում հարյուրավոր ընդհատված երիտասարդ կյանքեր, անսահման տխրության ու ցավի մեջ մնացած մայրեր, երեխաներ առանց հայրերի:

Որպես այդ իրադարձությունները լուսաբանող լրագրող, անձամբ եմ ապրել այդ ողբերգությունը: Այն մեծ ազդեցություն թողեց ինձ վրա։ Այդ պահից սկսված վճռականություն ձեռք բերեցի դառնալ խաղաղության պաշտպանը: Համոզված եմ, որ նմանատիպ զգացումներ եղել են նաև հակամարտության մյուս կողմում:

Նախաձեռնության հիմնական նպատակն է խնայել մարդկային կյանքերը: Արդեն երեսուն տարի է հակամարտության կողմերը փորձում են լուծում գտնել, սակայն առայժմ որևէ շոշափելի արդյունք չկա: Յուրաքանչյուր տարի շփման գծում տասնյակ զինվորներ են սպանվում: Մարդկային այս կորուստներն ամենևին չեն նպաստել հակամարտության կարգավորմանը: Հենց այս պատճառով էլ մենք կոչ ենք անում հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին և միջնորդ երկրներին խնայել սահմանի երկու կողմերում կանգնած 18-20 տարեկան զինվորների կյանքը: Դրանով մենք կկանխենք հարյուրավոր մարդկանց անձնական և ընտանեկան ողբերգությունը:

Մենք, որպես մայրեր և որպես կանայք, պետք է  միավորվենք, որպեսզի բարձրաձայնենք այս ուղերձն ու ավելի վճռականորեն պաշտպանենք խաղաղությունը: Մեր նպատակն է ստեղծել կանանց համաշխարհային ցանց: Ո՞վ կարող է ազդել որոշում կայացնողների վրա, եթե ոչ մայրերը: Եթե կանայք միավորվեն և ասեն` «Մի՛ սպանեք մեր երեխաներին, անկախ նրանից, թե ինչ ազգություն ունեն նրանք, փորձե՛ք ձեր ուժը բանակցությունների սեղանի շուրջ», նրանց ձայնը լսելի կդառնա:

Քանի դեռ ընթանում են բանակցությունները մենք խրախուսում ենք հրադադարի պահպանումը` հրավիրելով մեր համախոհներին և գործընկերներին բարձրաձայնել այդ մասին հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում` զինվորների կողքին: Մենք հորդորում ենք մեր համախոհներին և գործընկերներին, վարվել նույն կերպ շփման գծի ադրբեջանական կողմից: Մենք կոչ ենք անում ադրբեջանցի մայրերին և կանանց միանալ այս արշավին և նույն կոչը հղել քաղաքական որոշում կայացնողներին:

Հույս ունեմ, որ այս նախաձեռնության ուղերձը, չնայած այն բանին որ ծագել է տարածաշրջանային հակամարտության համատեքստում, կտարածվի Հայաստանի սահմաններից դուրս և անգամ դուրս կգա Ադրբեջանի սահմաններից: Չէ որ Լեռնային Ղարաբաղից բացի ամբողջ աշխարհում կան հարյուրավոր թեժ կետեր, որտեղ ամեն օր հազարավոր մարդիկ կորցնում են իրենց կյանքը աշխարհաքաղաքական շահերի բախման հետևանքով: Այս արշավի նպատակակետը աշխարհում իսկական խաղաղության հաստատումն է, խաղաղությունը որպես համաշխարհային արժեք խթանելը:

Տիկնա´յք և պարոնա´յք,

Հայտնի ճշմարտություն է. հակառակորդիդ հետ խաղաղություն հաստատելու համար պահանջվում է երկուստեք աշխատանք այդ ուղղությամբ։ Այդ կերպ ժամանակի ընթացքում նրանք դառնում են գործընկերներ: Այս մոտեցումն աշխատել է Եվրոպայում: Որպես միջազգային հարաբերությունների փորձագետներ, դուք շատ ավելի լավ գիտեք, քան ես, թե ինչպես բազմադարյա պատերազմների թատերաբեմը վերածվեց համագործակցության օրինակի:

Որպես լրագրող՝ հետևել եմ հայկական և ադրբեջանական սոցիալական լրատվադաշտին և բացահայտել, որ միմյանց մասին խոսելիս հակամարտության բոլոր կողմերն էլ օգտագործում են վիրավորական արտահայտություններ։ Թշնամանքի բարձր մակարդակն ակնհայտ է:

Որքան էլ որ մտահոգված էի, այդուհանդերձ դա անակնկալ չէր ինձ համար: Այս իրավիճակը բնորոշ է ցանկացած երկու ժողովուրդներին, որոնք ապրել են մեկը մյուսին հակառակորդ դիտարկելով: Եվ եթե մենք համապատասխան ջանքեր չգործադրենք միմյանց նկատմամբ վերաբերմունքը փոխելու, ապա առաջնորդների կողմից ձեռք բերված ոչ մի համաձայնություն երկարաժամկետ չի լինի: Սրանք քայլեր են, որոնք պետք է ձեռնարկեն բոլոր կողմերը՝ փորձելով մեր հասարակություններին պատրաստել խաղաղության:

Գտնվելով այստեղ՝ ապավինում եմ նաև ձեր օգնությանը և համագործակցությանը, որպեսզի կարողանանք ճիշտ ճանապարհներ գտնել մեր ջանքերն այս նպատակի շուրջ համախմբելու համար:  Կարծում եմ, որ դուք՝ որպես կառույց, որը քաղաքական և գործնական տարբեր լուծումներ է առաջարկել բազմաթիվ ճգնաժամային իրավիճակների համար, ունեք այդ ուժը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր առավել քան երեկ, մենք ունենք հնարավորություն բարելավելու իրավիճակը մեր տարածաշրջանում: Ինչո՞ւ եմ ես այդպես մտածում: Ես կպատասխանեմ այս հարցին իմ երկրում ներկա իրավիճակը նկարագրելուց հետո:

Ինչպես բոլորդ գիտեք, շուրջ մեկ տարի առաջ հայերն իրականացրել են ոչ բռնի, խաղաղ Թավշյա հեղափոխությունը: Հայ ազգը միավորվեց մերժելու վարչակազմը, որին այլևս չէր հանդուրժում և չէր վստահում: Կեղծիքների ու խաբեության, անհավասարության ու անարդարության, վատ կառավարման ու մարդու իրավունքների խախտումների տասնամյակներ տևած ժամանակաշրջանն ավարտվեց: Թավշյա հեղափոխությունը վերջ դրեց անսահամանափակ իշխանությանն ու անօրինականություններին՝ ճանապարհ հարթելով արդար ընտրված հաշվետու կառավարության համար: Այսպիսով, Հայաստանի ժողովուրդը վերջ դրեց հիմնարար իրավունքների և ազատությունների չարաշահմանը` գալիք սերունդների համար ապրելու ավելի բարձր ցուցանիշներ ապահովելու համար: Թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանվածությունը դրական փոփոխություններից ընդամենը մի քանիսին են, որ մենք՝ հայերս ձեռք ենք բերել: Ես չեմ ցանկանում ավելի մանրամասնել, քանի որ այդ ասպեկտները քաղաքական են և դա քաղաքական գործիչների գործն է:

Ահա, թե ինչի վրա եմ ցանկանում հրավիրել ձեր ուշադրությունը: Ցանկանում եմ ընդգծել այն դերակատարությունը, որն ունեցան հայ կանայք այդ հեղափոխության գործում: Հայտնի է, որ շատ հաճախ արդար գաղափարների համար սկսված հեղափոխություններն ավարտվել են քաոսով և անորոշությամբ: Էական հանգամանքն այստեղ այն է, որ թեպետ հեղափոխություններն առաջ են բերում մարդու ձգտնումներն հանուն ազատության, արդարության և արժանապատվության, սակայն ռիսկը, որ այն կվերածվի քաղաքացիական պատերազմի` շատ մեծ է: Նման պարագաներում կորուստներն ավելի շատ են, քան օգուտները:

Այդ դեպքում ո՞րն էր Հայկական Հեղափոխության հաջողության բանալին: Ձեզանից յուրաքանչյուրը տարբեր պատասխաններ կարող է ունենալ, այդ թվում՝ ժամանակների փոփոխություն, մարդկանց մտածողության փոփոխություն:

Ես ունեմ իմ պատասխանը: Հայկական Հեղափոխությունը հաջողություն ունեցավ և այն խաղաղ էր հիմնականում կանանց ակտիվ մասնակցության արդյունքում։ Չկար բռնություն, չկար արյուն, չկային զոհեր և չկային կրակված փամփուշտներ: Մարդիկ ազատ էին, բայց կագապահ, նրանք չէին բախվում ոստիկանների հետ, փոխարենը՝ գրկախառնվում էին: Հայերը փողոցներ են փակել պարելով, դաշնամուր նվագելով և երգելով: Դա տոն էր, ոչ թե՝ հեղափոխություն: Այս ամենը կրկին կանանց շնորհիվ, ովքեր փողոց էին դուրս գալիս իրենց երեխաների հետ և հանդես գալիս որպես խաղաղության երաշխավորներ:

Եվ այսօր, երբ մենք Հայաստանում իսկապես ունենք ժողովրդավարական հասարակություն, կարծում եմ ավելի մեծ հնարավորություններ կան ունենալու նաև ժողովրդավարական տարածաշրջան՝ որպես մեկ ամբողջություն:

Հարավային Կովկասում երեք պետություններից երկուսն արդեն ժողովրդավար են: Ազդանշանները, որ գալիս են Ադրբեջանից խոստումնալից են: Մի քանի շաբաթ առաջ նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ մի շարք քաղաքական բանտարկյալներ, այդ թվում  քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բլոգերներ ու լրագրողներ ազատ արձակվեցին:  Ավելին, ես տեսա նկարներ, թե ինչպես են Իլհամ Ալիևն ու իր կինը քայլում Բաքվի փողոցներով և սելֆի անում մարդկանց հետ: Որպես քաղաքական գործչի կին, ով շատ հայտնի է փողոցներում մարդկանց հետ արված իր սելֆիներով, իհարկե ես կցանկանայի, որ նա այդ հարցում եզակի օրինակ լիներ: Սակայն, որպես մարդ, ով փորձում է մեր տարածաշրջանում լռեցնել զենքերի ձայնը, ես ուրախությամբ եմ հետևում, թե ինչպես են ժողովրդավարական ազդակները Հայաստանից թափանցում հարևան պետություն: Փաստ է, որ  ժողովրդավարությունները միմյանց դեմ չեն պայքարում: Այս իրավիճակում իմ ամուսնու եզակիությունը ամենաքիչն է, որ ես պատրաստ եմ զոհաբերել:

Որպես եզրափակում ուզում եմ մեջբերել Նելսոն Մանդելայի՝ ճշմարիտ խաղաղասերի խոսքերը. «Երբեմն ուժեղ լինելու պարտականությունն ընկնում է սերունդների վրա։ Դուք կարող եք լինել այդ սերունդը»:  Մենք պետք է լինենք այդ սերունդը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին