«Շատ հաճախ դեպքերը մի հոդվածից հայտնվում էին մի ուրիշ հոդվածի տիրույթում: Պատիժները էապես տարբեր են: Մեր նպատակն էր, որ վերացվեն կոռուպցիոն ռիսկերը, և անձը ստանա արժանի պատիժ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «ՀՀ Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի «Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները» հոդվածներում փոփոխությունների և լրացումների նախագծի մասին` ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` մանրամասնելով.
«Մանկահասակների հետ կապված՝ օրենքի փոփոխությունը հստակեցնում է հանցակազմերը, խստացնում պատիժը, նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը, որ կարող էին տեղի ունենալ քննչական մարմիններում»:
Դավիթ Հարությունյանի խոսքով հասարակությունը շատ սամանափակ գիտելիքներ ունի այս հանցագործությունների վերաբերյալ.
«Սեռական անձեռնմխելիության նշանակությունն այն է, որ որևէ մեկին իր կամքին հակառակ չի կարելի հարկադրել ունենալ սեռական կյանք այս կամ այն անձի հետ: Առաջին հերթին դա ֆիզիկական բռնությունն է, երկրորդ` սեռական գործողությունը հարկադրելն է` շանտաժի և այլնի միջոցով, երրորդ`սեռական բնույթի գործողություն կատարելը 16 տարին չլրացած անձի հետ, քանի որ ՀՀ-ում և եվրոպական շատ երկրներում մինչև 16 տարեկան անձի հետ սեռական հարաբերությունը հանցանք է համարում: Եվ, չորրորդ, անառակաբարո գործողությունը»,-նշեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Բանախոսի հավաստմամբ հատկապես անառակաբարո գործողություններ հանցագործությունն այսօր դարձել է շատ տարածված.
«Շատ հաճախ անառկաբարո գործողությունները լինում են ոչ միայն ֆիզիկական, այլև ինտելեկտուալ, օրինակ՝ ինտերնետի միջոցով երեխայի հետ զրույցներ վարելով: Մենք առանձնացրինք անառակաբարո գործողություններն էլենտրոնային հաղորդակցության օգտագործման միջոցով հանցակազմը»,-հավելեց Դավիթ Հարությունյանը:
ԵԱՀԿ փորձագետ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանի փաստմամբ կա բռնաբարության աճի միտում: Այսպես, օրինակ, 2011թ. գրանցվել է 71 սեռական հանցագործության դեպք, 2012-ին՝ 102, 2013-ի միայն 6 ամսվա ընթացքում՝ 59 դեպք»:
«Սեռական հանցագործությունների մեծ մասը կատարվում է անչափահասների նկատմամբ: 2012թ. դեպքերի մեծ մասը գրանցվել է Երևանում, որին հաջորդում են Արարատը, Արմավիր, Կոտայքը, Լոռին և Սյունիքը, Գեղարքունիքը, Արագածոտնը, Տավուշը, Շիրակը և Վայոց Ձորը»,-ասաց Դավիթ Թումասյանը, ում խոսքով ըստ նախագծի՝ իրենք նախատեսել են, որ մինչև 12 տարեկան երեխաները միանշանակ համարվելու են անօգնական վիճակում գտնվող: 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների դեպքում կնշանակվի դատահոգեբանական փորձաքննություն»:
Անի Կարապետյան