1908թ. երիտթուրքերի հեղաշրջումից հետո Անդրանիկը հավատ չէր տածում Համիդին տապալած ուժերի հանդեպ։ 1909թ. նա կեղծ անձնագրով Բուլղարիայից անցնում է Կոստանդնուպոլիս:
Ակնունին, Վարդգեսը, Ռուբենը, Ատոմը, Արմեն Գարոն և ուրիշները ապարդյուն փորձում էին նրան համոզել, թե թուրքերն այլևս որևէ կոտորած թույլ չեն տա: Անդրանիկը չհամոզվեց: Նա վստահ էր, որ կեղծ են երիտթուրքերի շեփորահարած քաղաքական նշանաբանները, որովհետև, ասում էր, եթե թուրքերն անկեղծ են, ինչու՞ զինաթափ չեն անում 160000 քրդերին: «Անոնք զինաթափ չեն ըներ զանոնք՝ մեզ յարմար առիթին կոտորել տալու համար»:
1908թ. Անդրանիկն ահազանգում է. «Ժամանակ պիտի գա, որ անոնք ձեր գլուխն ալ պիտի ջարդեն, ժողովրդին գլուխն ալ»։ Համատարած ոգևորության մեջ նրան ոչ ոք չէր լսում:
Տարիներ անց Արմեն Գարոն կասի. «Ես այսօր կը խոստովանիմ, թե Անդրանիկ միակ մարդն էր, որ չխաբուեցաւ թուրքերէն եւ չշլացաւ պաշտօններէ»
Հիշեցնենք, որ «Սասուն-Տարոն» հայրենակցական միությունը Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված հանդիսություններ եվ միջոցառումներ է կազմակերպել, որոնք տեղի կունենան փետրվարի 25-ին: