▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհասկանալի է՝ ինչու են ՄԻՊ-ն ու իրավապաշտպանները տվյալ խոսակցությունը վերագրում իրենց. Ծովինար Խաչատրյան

Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/Covinar_Xachatryan.jpg

«Ի պատասխան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպաններ՝ Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի տարածած հայտարարության՝ նշեմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ դեկտեմբերի 7-ին տարածած գաղտի նկարահանած տեսանյութը տարընթերցումների ևս մեկ առիթ է տվել:

Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ նախագահը երբեք կասկածի տակ չի դրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և իրավապաշտպանների կողմից 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցը:

Երեկ տարածված տեսանյութում երիտասարդը հետաքրքրվում է Ալեն Սիմոնյանի կողմից սեպտեմբերի 14-ի ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում պատգամավոր Աննա Մկրտչյանին ուղղված ռեպլիկից և Սիմոնյանն էլ պատասխանում է հենց դրան:

«Հարց. Նման բաների մասին չենք խոսում, ճիշտ կասե՞ր ուզում եք ասել, որ էդ ինքը (նկատի է առնվում Աննա Մկրտչյանին) հնարել էր, թե Արման Թաթոյանն էր հնարել …

Ալեն Սիմոնյան- Չէ, չէ, չէ, Արման Թաթոյանը չէր հնարել, բայց էն ինչ որ ինքը (նկատի է առնվում պատգամավոր Աննա Մկրտչյանին) արեց, ոչ դա պետք չէր անել, որովհետև ես ստեղ կարող եմ ասել, որ մարդիկ կտտանքների են ենթարկվում, բայց էդ տղաները պետքա 40 օր հետո օրինակ հետ վերադառնային և ամբողջ ազգով ասել՝ գիտես ինչ իրեն բռնաբարել են և իրեն ստորացրել են հայ հասարակության մեջ էդ թեման պետքա… չեք նկարում չէ… պետքա ասես, որ չի կարելի վեր կենալ, ինքը (նկատի է առնվում Աննա Մկրտչյանին) նստել նկարագրում ա մանրամասն հայ տղամարդուն ոնց են ստորացնում, ինչու ա ինքը (նկատի է առնվում Աննա Մկրտչյանին) դա անում: Մենք գալիս ենք, ասում ենք կտտանքների են ենթարկվում, սպանում են, տանջում են, գնում ենք միջազգայինների հետ կռիվ ենք տալիս, ասում ենք հետ բերեք: Դա չի քննարկվում...»։

Առնվազն անհնասկանալի է, թե ինչու են ՄԻՊ-ն ու իրավապաշտպանները տվյալ խոսակցությունը վերագրում իրենց կամ զեկույցին, որում ներկայացված փաստերը, կրկնեմ, ԱԺ նախագահի կողմից երբևէ չի դրվել կասկածի տակ:

Հիշեցնեմ նաև, որ 2021 թվականի օգոստոսի 9-ի ԱԺ նիստից հետո «Aysor.am» կայքի լրագրողի հարցին, թե ում էր ուղղված Ալեն Սիմոնյանի հնչեցրած ռեպլիկը, ՄԻՊ-ի խոսնակը համամիտ է եղել իմ մեկնաբանությանը, որ ռեպլիկն առնչվել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին, ոչ թե ՄԻՊ-ի զեկույցում ներկայացված փաստերին:

Այնուամենայնիվ, շնորհակալություն ՄԻՊ-ին և իրավապաշտպաններին համատեղ հայտարարության մեջ առանց անձի գիտակցված համաձայնության նրա մասնավոր հարաբերությունները, երկխոսությունը տեսաձայնագրելն ու դա տարածելն անթույլատրելի համարելու համար»։

Ստորև ներկայացնում ենք նաև Արման Թաթոյանի, Սիրանուշ Սահակյանի և Արտակ Զեյնալյանի համատեղ հայտարարությունը․

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հրապարակված տեսանյութի առնչությամբ։

Տեսանյութում նա իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և իրավապաշտպանների 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցին:

Համատեղ հայտարարության մեջ, ասվում է․

«Նախ` անթույլատրելի ենք համարում առանց անձի գիտակցված համաձայնության նրա մասնավոր հարաբերությունները, երկխոսությունը տեսաձայնագրելն ու դա տարածելը:

Համատեղ արտահերթ զեկույցին վերագրումների և հնչած որակումների կապակցությամբ արձանագրում ենք՝

1․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համատեղ արտահերթ զեկույցին վերագրում է գոյություն չունեցող փաստեր, ինչպես օրինակ, նշում է, որ զեկույցում արձանագրվել են հայրենադարձված գերիների բռնաբարության դեպքեր. մինչդեռ, զեկույցում որևէ խոսք չկա բռնաբարության մասին:

Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիներից որևէ մեկի անձնական տվյալ, այդ թվում՝ լուսանկար ու տեսանյութ, երբևէ չի հրապարակվել։

2. Տեղեկացնում ենք, որ համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիների խոշտանգման փաստերը հաստատելու համար գործածվել են փաստահավաք աշխատանքի միջազգային չափանիշները։ Այս առումով, խոշտանգման փաստի հաստատման վերաբերյալ փաստահավաք աշխատանքը չի ենթադրում, որ փաստահավաքություն իրականացնող իրավապաշտպանը պետք է անպայման ներկա կամ մասնակից լինի խոշտանգման պրոցեսին։

Բարձր պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են տարանջատել փաստահավաք աշխատանքը և հանցակցությունը։

3․ Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցը չի նույնականացնում և չի բացահայտում հայրենադարձված այն գերիներին, որոնց նկատմամբ կիրառվել են կտտանքներ ու անմարդկային վերաբերմունք։

Դրա փոխարեն Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցով վեր են հանվում այն օրինաչափությունները և խոշտանգման այն ընդհանուր ձևերը, որոնք, որպես կանոն, կիրառվել են հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետությունում։

Միաժամանակ, Համատեղ արտահերթ հրապարակային Զեկույցը նշում է, որ գերիների նկատմամբ կիրառված բռնության ձևերն ու միջոցները յուրաքանչյուրի դեպքում եղել են տարբեր։

4. Նշվածից բացի, հայրենադարձված հայ գերիներն իրենք ինքնուրույն տարբեր լրատվամիջոցների տվել են հարցազրույցներ՝ բաց կերպով ներկայացնելով այն կտտանքները, որոնց ենթարկվել են Ադրբեջանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում։

Ավելին, նախաքննության ընթացքում խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի մասին հայրենադարձված հայ գերիների ցուցմունքներ հրապարակվել են հենց ՀՀ նախաքննական մարմինների կողմից։

5․ Հարկ ենք համարում ընդգծել, որ հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու վերաբերյալ տվյալներ միջազգային կառույցներին ներկայացնելիս վերացական բնույթի տեղեկությունների տրամադրումը չունի արդյունավետություն:

Միջազգային իրավական գործընթացներ նախաձեռնելիս անհրաժեշտ են մանրակրկիտ ու կոնկրետ տվյալներ, այլ ոչ թե հայտարարություններ ու պնդումներ։

Ուստի, բարձրաստիճան պաշտոնյաներին խստիվ հորդորում ենք զերծ մնալ նման զգայուն հարցերի վերաբերյալ հրապարակային հանդես գալուց, չշահարկել դրանք քաղաքական կամ այլ նպատակներով, քանի որ դրանք Ադրբեջանը հաջողությամբ գործածում է միջազգային կառույցների, առջև, այդ թվում՝ դատական, պաշտպանվելու ի շահ իրեն և ի վնաս՝ հայ գերիների իրավունքների:

Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները կամ դրանց տրված որակումները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին