▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Հովհաննիսյանը հիանում է Սերժ Սարգսյանի քաղաքականությամբ ու դիմում նրան նամակով

«Անալիտիկ» կայքի հիմնադիր, այժմ շորթման գործով կալանքի տակ գտնվող Անի Հովհաննիսյանը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ ԱԺ պատհամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ իր առճակատումը կապված է եղել ՎՏԲ բանկի ադրբեջանական ակտիվների հետ:

Նամակը ներկայացնում ենք ստորեւ.

 «Հարգարժան պարոն Սարգսյան, Ձեզ է դիմում ՀՀ քաղաքացի, մամուլի ներկայացուցիչ, ՀՀ ՊԿԱ ասպիրանտ և ուղղակի հայ երիտասարդ կին, ով արդեն երկու ամսից ավել է պայքարում է իր դեմ իրականացվող ապօրինի հետապնդման դեմ:

2013թ-ին, երբ հիմնադրեցի Analitik.am լրատվական կայքը, նույնանուն մամուլի ակումբը, այնուհետև շաբաթաթերթը և «ԱՍ» հասարակական-քաղաքական մրցանակաբաշխությունը, վստահ էի, որ կարող եմ որևէ դրական փոփոխություն մտցնել լրատվական ոլորտում: Իմ գործունեության ողջ ընթացքում հանդես եմ եկել որպես պետականամետության վառ ջատագով, քանզի, կարծում եմ, որ մեր փոքր պետությունը, ունենալով բազմաթիվ մարտահրավերներ և աշխարհաքաղաքական իրավիճակների ազդեցությամբ ստեղծված, ինչպես նաև՝ փոխանցված հին և նոր խնդիրներ, զարգանալու և գլոբալ քաղաքականության շախմատի տախտակի վրա հաղթական քայլեր կատարելու համար պետք է ունենա հենց պետականամետ մտածողությամբ հասարակություն՝ մասնավորապես երիտասարդություն:

Քաջ գիտակցելով լրատվության ազդեցությունը հասարակության գիտակցության և ենթագիտակցության վրա՝ ես երբևէ չեմ անդրադարձել և իմ ղեկավարության ներքո աշխատող լրագրողներին էլ թույլ չեմ տվել անդրադառնալ այնպիսի թեմաների, որոնք կարող էին վնասել մեր պետության վարկանիշին, փաստազուրկ, սուտ, զրպարտիչ կամ վիրավորական լինել: Պահպանել եմ լրագրողական էթիկան, մարդկային և բարոյական նորմերը, ինչպես նաև՝ ՀՀ օրենքները: Ուշադիր հետևել եմ Ձեր ներքին և արտաքին քաղաքական գործունեությանը, չեմ թաքցրել իմ հիացմունքը Ձեր վարած քաղաքականության նկատմամբ, ինչի պատճառով նաև հաճախ քննադատվել եմ:

Նշեմ, որ անգամ կալանավայրում չեմ դադարել վստահ լինել, որ իմ նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումը տեղի է ունենում առանց Ձեր գիտության, քանզի պատճառ չունեմ չհավատալու Ձեր խոսքին, որ չեք հանդուրժում ազատ մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումներ, հետապնդումներ և լռեցնելու տարաբնույթ փորձեր, կարևորելով ժողովրդական արժեքների հաստատումը Հայաստանի Հանրապետությունում:

Ձեր վարած քաղաքականությամբ փաստել եք, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է ձեռքբերումներ ունենալ ժողովրդականության կայացման հարցում: Հարգելի պարոն Սարգսյան, կիսելով Ձեր տեսակետները դիմում եմ Ձեզ, քանզի, կարծում եմ՝ Հայաստանում կատարվող յուրաքանչյուր դեպքի, երևույթի, գործողության կամ անգործության արդյունքում տեղի ունեցող անարդարությունն առաջինը հենց Դուք պետք է գիտենաք, այլ ոչ թե միջազգային կազմակերպությունները կամ այլ պետություններ, որոնք կարող են օգտագործել տեղեկատվությունն ի վնաս մեր պետության վարկանիշի:

Բացի այդ, ես վստահ եմ, որ Դուք նույնպես չեք հանդուրժում անարդարությունը և մարդու իրավունքների ոտնահարումները՝ անկախ նրանից, թե ինչ ազդեցություն ունի, ինչ ռեսուրսների է տիրապետում և ինչ ազդեցիկ բարեկամական կապեր ունի անարդարություն սերմանող, տարածող և իրագործող սուբյեկտը:

Երբ 2015թ-ին ես սկսեցի անդրադառնալ ՎՏԲ բանկում առկա ադրբեջանական կապիտալին և օբյեկտիվորեն ու փաստերով հիմնավորելով քննադատել այդ բանկի գործունեությունը Հայաստանում՝ առավել ևս այն փաստը, որ ՎՏԲ բանկը փակել էր Արցախի մասնաճյուղը՝ Ադրբեջանական պետական նաֆթային ֆոնդի կողմից բաժնեմասը գնելուց առաջ, նույնիսկ ենթադրել չէի կարող, որ մի օր այդ անդրադարձների պատճառով հետապնդում կսկսվի իմ նկատմամբ, և ես ապօրինաբար կհայտնվեմ բանտում:

Երբ սույն թվականի ապրիլին նորից ականատես եղանք Ադրբեջանական ագրեսիային, ՎՏԲ բանկում առկա ադրբեջանական կապիտալն էլ ավելի էր անհանգստացնում ինձ՝ առավել ևս, որ պատերազմի սկսվելու օրերին ես Արցախում էի և վերապրել էի պատերազմի վտանգի զգացումն ամբողջությամբ, ուստի նախաձեռնեցի ստորագրահավաք, որի նախնական պահանջն էր ՎՏԲ բանկին արտոնագրից զրկելը: Գիտակցելով, որ ներկայիս միջազգային տնտեսական փոխհարաբերությունների պայմաններում պահանջն իրատեսական չէ, որոշեցի համախոհներ ձեռք բերել ՀՀ ԱԺ պատգամավորների շրջանում և նրանց հետ միասին օրենսդրական նախաձեռնություն մշակել, որը կսահմանափակեր Ադրբեջանի ուղղակի կամ անուղղակի մուտքը Հայաստանի տնտեսություն:

Հենց այդ փուլում էլ հայտնվեց Տ.Ուրիխանյանը, ով այնուհետև պարզվեց, որ ՎՏԲ բանկի կողմից էր ուղորդված՝ ինձ վարկաբեկել փորձելու և իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման հիմքը դնելու համար: Իմ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն այնքան է ծավալվել, որ ինձ կապում են մարդկանց և գործողությունների հետ, որոնց հետ ես ֆիզիկապես չէի կարող կապ ունենալ, քանզի նշված գործողության կատարման ժամանակահատվածում ուղղակի չեմ ճանաչել այդ մարդկանց: Ինձ վերագրում են արարքներ, որոնք ոչ միայն չեն կատարվել իմ կողմից, այլ չկատարված լինելու ապացույցներն են առկա:

Այս գործով շահարկվում է նաև այն փաստը, որ Տիգրան Ուրիխանյանը ՀՀ ԱԱԾ պետի հետ բարեկամական կապեր ունի, ինչն էլ կաշկանդում է նախաքննությունը իրականացնող հատուկ քննչական ծառայությանը:

Հարգելի պարոն Սարգսյան, ինձ համար ցավալի է գիտակցել, որ մեր պետությունում աշխատում են բարձաստիճան պաշտոնյաններ, ովքեր ունակ չեն ընդունել այն փաստը, որ Ձեզ հաջողվել է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք աշխատասեր և նպատակասլաց մարդուն ինքնուրույն կայանալու և հաջողության հասնելու հնարավորություն են տալիս: Նման մարդիկ չընդունելով ազատ մամուլի գոյությունը, յուրաքանչյուր օբյեկտիվ քննադատություն դիտում են որպես պատվեր կամ իրենց դեմ ուղղված արշավ, անօրինական ճանապարհներով փորձելով այն լռեցնել:

Ես շարունակում եմ վստահ լինել, որ յուրաքանչյուր աշխատասեր մարդ կարող է հաջողության հասնել Հայաստանում՝ առանց հովանավորների և արտոնյալ պայմանների: Ես այժմ գտնվում եմ կալանավայրում, իմ կոմից հիմնադրած Analitik.am կայքը զրկված է այն առաջխաղացան հնարավորությունից, որը կլիներ, եթե չլիներ իմ անձի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումը, սակայն նույնիսկ այս պայմաններում շարունակում եմ վստահ լինել, որ Դուք տեղյակ չեք այս անօրինականությունից, այլապես այն տեղի չէր ունենա: Ես խնդրում եմ ուշադրություն դարձնեք և կանխեք իմ անձի նկատմամբ իրականացվող ապօրինի, բարոյազուրկ և մարդուն ոչ վայել գործողությունները՝ թույլ չտալով, որ անպատժելիության զգացումից արբած որոշ սուբյեկտներ նմանօրինակ օրինազանցություններ թույլ տան մամուլի ներկայացուցչի, ՀՀ քաղաքացու և ուղղակի հայ կնոջ նկատմամբ: Հարգելի պարոն Սարգսյան, ես վստահ եմ, որ ապրում եմ ինքնիշխան պետության մեջ, որն ունի լայնախոհ, իմաստուն և արդար որոշումներ կայացնող ղեկավար, ուստի համոզված եմ, որ վերջապես կավարտվեն իմ նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումները՝ հնարավորություն տալով ինձ շարունակել ապրել և գործել հանուն մեր պետության բարօրության:

Ի վերջո, մենք արդարություն ենք պահանջում ամբողջ աշխարհից և իրավունք չունենք մեր պետության ներսում անարդարություն սահմանել: Հարգելի Նախագահ, սույն դիմումս ուղարկում եմ պաշտպանիս միջոցով, քանի որ համոզված չեմ, որ այն այլ կերպ կարող է հասնել Ձեզ»: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին