Դեկտեմբերի 23-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի ուղեկցությամբ վարչապետի տիկինը շրջել է տուն-ինտերնատում, ծանոթացել պայմաններին: Աննա Հակոբյանը այցելել է մի քանի բնակիչների սենյակներ, անմիջական զրույց ունեցել նրանց հետ:
Տուն-ինտերնատի բնակիչները Աննա Հակոբյանին նվիրել են ձեռագործ փոքրիկ կարպետ, հեղինակային գիրք, պատմել են առօրյայի մասին, կիսվել իրենց անհանգստացնող հարցերով ու խնդիրներով: Նախարար Նարեկ Մկրտչյանն ու տուն-ինտերնատի տնօրեն Խաչիկ Ղազարյանը պատասխանել են բարձրացված բոլոր հարցերին:
Աննա Հակոբյանը մասնակցել է նաև թեյախմությանը, ապա շրջել է բոլոր սեղանների մոտով, զրուցել ներկաների հետ, լսել նրանց պատմություններն ու ցանկությունները:
Տուն-ինտերնատի բնակիչները Աննա Հակոբյանին ցուցադրել են նաև իրենց երաժշտական կարողությունները, երգել ու նվագել վարչապետի տիկնոջ համար:
Աննա Հակոբյանը և նախարար Նարեկ Մկրտչյանը տուն-ինտերնատի բնակիչներին տեղեկացրել են, որ հաջորդ տարի նախատեսված են շենքի նորոգման աշխատանքներ, ինչից հետո բնակիչների համար կստեղծվեն ավելի բարվոք ու հարմարավետ պայմաններ:
Վարչապետի տիկինը շնորհավորել է բոլորին սպասվող տոների կապակցությամբ, առողջություն ու անհոգ օրեր մաղթել բոլորին: