ՀՀ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Մեր տպարանը» ՍՊԸ-ն դեռևս 2020 թվականին, իրականացված գործունեության ընթացքում, պարզվում է, չի կատարել օրենքով սահմանված հարկային պարտավորությունները:
Հրապարակ․am-ն է գրում ու նշում, որ պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am կայքում մի հայտարարություն վերաբերում է այս տպարանին, որի նկատմամբ ՊԵԿ իրավաբանական վարչությունում վարչական վարույթ է հարուցվել։ Կայքում տեղադրված է «Մեր տպարանը» ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների ցանկը եւ ծանուցված է վարչական վարույթի մասին:
Ծանուցագրում մասնավորապես նշված է.
«Հայտնում ենք Ձեզ, որ ըստ հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների չկատարված ընդհանուր հարկային պարտավորություններից 1796575 դրամ գումարը, այդ թվում ապառք` 1765829 դրամ, տույժ՝ 30746 դրամ, տուգանք՝ 0 դրամ․․․»:
«Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀԴՄ կտրոնների եւ հարկերը վճարելու թեմայով բազմաթիվ ելույթներ է ունեցել եւ անգամ ԱԱԾ-ին է հանձնարարել զբաղվել դրանով, սակայն իր սեփական տիկնոջը, փաստորեն, չի կարողացել բացատրել, որ հարկային պարտավորությունները հարկավոր է կատարել՝ անկախ նրանից՝ դու վարչապետի տիկին ես, թե խոշոր օլիգարխ»,-գրում է սկզբնաղբյուր կայքը: