Այն բանից հետո, երբ ,,Բարգավաճ Հայաստան,, կուսակցության խորհրդարանական խմբակցությունը բոյկոտեց քառօրյան և հեռացավ նիստերի դահլիճից, իշխանությունը ներկայացնող ՀՀԿ-ի լեզուն բացվեց, ձեռքերը երկարեցին: Ու հիմա ընդդիմությունը վերածվել է հակառակորդի հարձակման դիմաց մի քանի հոգով պայքարող ջոկատի, որը ստիպված է հետհարվածներ տալ, պաշտպանվել ու նաև մտածել հարձակման մասին: Կարճ ասած, խորհրդարանում ընդդիմության ճգնաժամ է, քանի որ իրեն ընդդիմադիր հռչակած ,
ՕԵԿ-ն այդպես էլ գործնական ու վճռական քայլերի չի դիմում, իսկ ՀՅԴ-ն էլ արդեն իր մեղրամիսն է նշում՝ սպասելով իշխանական բլիթների...
Ստեղծված իրավիճակում իշխանությունները փորձում են իրար դեմ հանել ընդդիմադիրներին՝ մի կողմում տեսնելով Նիկոլ Փաշինյանին, մյուս կողմում՝ ՀԱԿ-ի ու Ժառանգության պատգամավորներին, որոնք, մեղմ ասած, այս պահին գործում են ոչ թե հայեցակարգերով, այլ միայն ու միայն ինքնապաշտպանական մղումներով: Հանգամանք, որը գուցե իրավիճակային է, սակայն՝ ոչ շատ սխալ: Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրինագիծն, այնուհանդերձ, իշխանությունները փորձում են ներկայացնել որպես բաժանարար գիծ ընդդիմադիրների միջև՝ այժմ էլ չարախնդալով, որ իշխանափոխություն ցանկացողները ,,դեմ,, քվեարկեցին Նիկոլի օրինագծին: Այսպես նրանք կամենում են շրջանառության մեջ դնել վաղուց փորձարկված հնարքը, երբ ընդդիմադիրներին իրար դեմ հանելով՝ ձգտում են մեկին հռչակել իշխանությունների պատվիրակատար՝ այսպես քայքայելու ու ոչնչացնելու համար մարտական տրամադրությունները:
Անշուշտ, Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրինագիծը չէր կարող համարվել լիարժեք ու ամբողջական փաստաթուղթ, այստեղ բացակայում էին իմփիչմենթն հիմնավորող ապացուցողական շատ դրույթներ ու հիմնավորումներ: Ավելին, օրինագծի ներկայացումը կարող էր դիտարկվել որպես ՀՀԿ-ԲՀԿ առճակատման հետևանքով ստեղծված նոր իրավիճակից ուշադրություն շեղելու, իշխանությունների ջրաղացին ջուր լցնելու միջոց: Որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ օրինագիծը տապալվելու էր, քանզի խորհրդարանական մեծամասնությունն ամեն ինչ պիտի աներ՝ բավարար ձայներ չապահովելու համար: Հետևաբար, որոշ ընդդիմադիրներ Նիկոլ Փաշինյանին դիտարկում են որպես իշխանությունների կողմից պատվիրակված գործիչ: Հենց սա էլ ցանկանում էր իշխանությունը՝ հասնելու ընդդիմության պառակտման ու անվստահության սերմանման:
Բայց, անկախ օրինագծի պակասավորությունների, անկախ նրա ներկայացման համար ընտրված ոչ պատեհ ժամանակի, այն ուշագրավ մի քայլ էր՝ ապացուցելու, որ առկա են Սերժ սարգսյանին պաշտոնազրկելու տրամադրություններն ու ցանկությունները: Տրամադրությունների առկայությունը պիտի վերածել նյութական գործոնի, այն է՝ նախապատրաստել հանրությանը, ձևավորել համախոհների մեծ թիվ արտախորհրդարանական ուժերից կազմված, ոտքի հանել այն ,,կրիտիկական,, զանգվածը, որն անհրաժեշտ է նպատակների իրրագործման համար...
Ընդդիմությունն այժմ կամ ճգնաժամի մեջ է, կամ էլ ,,թայմ-աուտ,, է վերցրել՝ իր քայլերը նախաձեռնելու ու քննարկելու համար: Եթե երկրորդ տարբերակն է, ապա պետք է միայն դրվատել: Սակայն պիտի կարևորել գլխավոր հարցը՝ ընդդիմության առաջնորդի, առանց որի իշխանությանը կհաջողվի փոշիացնել ցանկացած քայլ...
«Անտեր» մնացած ընդդիմությու՞ն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet