▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անտիկյան» ցուցասրահը Վենետիկում ներկայացրել է Արարատ Սարգսյանի «Որտեղ փնտրել դրախտը» նախագիծը

«Անտիկյան» ցուցասրահը հոկտեմբերի 26֊ից նոյեմբերի 5-ը,  Վենետիկի Palazzo Pisani Revedin ցուցասրահում,  արվեստասերների ուշադրությանը ներկայացրեց  Հայաստանի վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի «Որտեղ փնտրել դրախտը» նախագիծը։

Աշխարհի հնագույն գրային համակարգեր , քարտեզներ , հայկական խաչքարեր .... մի քանի տասնյակ աշխատանք , որ մի ուրույն ճանապարհորդություն են դեպի դրախտ , երբեմն կորուսյալ, երբեմն էլ՝ մարդու պատկերացրած ավելի լավ երկիր, առավել գեղեցիկ կյանքի փնտրտուք ։

Հայերիս համար այդ դրախտը մեր Արևմտյան Հայաստանն է , հիմա նաև ` Արևելյան Հայաստանի կորուսյալ դրախտավայրերը ։ Հին հորդանանյան տեխնիկայով ստեղծված ձեռակերտ թղթերի վրա հեղինակը պատկերում է մարդու երազանքը ` դրախտը , երբեմն իրական , երբեմն էլ երևակայական փաստաթղթերի պատճեններով ։ Նյութական աշխարհում մարդու կորսվածությունը կրոնն արտահայտում է դրախտի կամ Ավետյաց երկրի գաղափարով ։

Մարդը նետված է այս աշխարհ արցունքի, չարչարանքի հովիտը, այլ խոսքով՝ վտարված է իր հուգու բնակավայրից ։ Դրախտը հաճախ պատկերվում է որպես պարտեզ , որի կենտրոնում կենաց ծառն է ,որի պտուղները արգելված է ճաշակել ։Պտուղներն աշխարհի առանցքն են։ Հայկական խաչի առանցքը նույնպես կենաց ծառն է ։ Դրախտից վտարվելը հավասարազոր է տիեզերքի կենտրոնից վտարվելուն , անմահության կորստին։ Դրախտը մարդու երազանքն է աշխարհի 4 ծագերում ։

Իսկ այդտեղ վերադառնալու համար մարդը պետք է քրտինք թափի , ասել է, թե` չարչարանքով հաց վաստակի ։

Ու, թեև քրիստոնեական ավանդության համաձայն դրախտը Հայաստանում է , որտեղ ծաղկում են քարե կենաց ծառ֊խաչերը , միևնույնն է , հայերը ,նույնպես, պատմության իրենց քառուղիներում մշտապես փնտրում են դրախտը ։ Դրախտում արվեստագետներ չկային ։

Նրանք հայտնվեցին , երբ մարդը սկսեց թախծել կորուսյալ դրախտի համար։ Դա շռայլ ու թանկ թախիծ է։

Որպես նախագծի հիմք ծառայել է 1994թ֊ին Երևանում բացված «Արխետիպեր» ցուցահանդեսը , որն ընդգրկում էր 60 գրային համակարգեր, արխետիպեր` ձայնային հնչողությամբ ուղեկցված ։ Ցուցահանդեսը մեծ արձագանք ստացավ և լայն տարածում։ 1999֊թ֊ից այն սկսեց իր հաղթարշավն աշխարհում ։ Հաջորդն Օքսֆորդում էր , որտեղ ցուցահանդեսից և մաստեր ֊կլասից հետո նախագիծը հյուրընկալվեց Կիպրոսում, ապա Չիկագո, Սինգապուր, Հորդանան, Ժնև, Ցյուրիխ , Վիեննա, Իրան, , Ֆրանսիա, և դե վերջինն էլ՝  Իտալիայում , Վենետիկի սրտում ` Palazzo Pisani Revedin արվեստի կենտրոնում ։

Արարատ Սարգսյանի խոսքով, գրային համակարգերը ազգային մշակույթների բանալին են ։

Ըստ Ուռհայեցու , հայերը թուղթ չեն պատրաստել, այլ գնել են, կոկել, մշակել։ Արարատ Սարգսյանն ընդգծում է , որ իր պատրաստած թուղթն էլ ամեն անգամ նոր շերտեր է ձեռք բերում, նորանոր պատմություններ պատմում ։

Վենետիկի ցուցահանդեսի շրջանակում ևս հեղինակը ներկայացրել է աշխարհի գրային համակարգերի ու քարտեզների հետ նաև իտալական և հենց բուն վենետիկյան թեմաներ։

Ինքը ` նկարիչը , իր ստեղծագործության համար սիրում է ամերիկյան արվեստաբան Իռեն Սմալի բնորոշումը ։ Վերջինս Արարատ Սարգսյանի ստեղծագործական այս ոճը բնորոշել էր "cultural mamory"։ Այո , թերևս հենց մշակութային հիշողությունն է, որ այսքան հետաքրքիր ճամփորդություն է ապահովում արվեստի ու պատմության քառուղիներում ։

Մաստեր ֊կլասի կարևորությունը մերօրյա աշխարհում չափազանց կարևոր է , ֊ասում է հեղինակը և ավելացնում , որ կամաց֊կամաց մերօրյա մարդը կորցնում է շոշափելիքի զգայարանը և երբ ձեռքով հպվում է այս թղթին, աննկարագրելի վայելք է զգում ։

Վենետիկում նույնպես արվեստագետը երիտասարդներին և ոչ միայն նրանց, սովորեցրել է թուղթ պատրաստելու գաղտնիքն ու վենետիկյան պատկերներ է ստեղծել արվեստասերների մասնակցությամբ ։

Դիտեք նաև՝

Շատ հետաքրքիր է նաև Արարատ Սարգսյանի հարաբերությունը միստիկ Վենետիկի հետ ։ Արարատը ծնունդով Գյումրիից է , որը Վենետիկի նման արդյունաբերական քաղաք է եղել և Վենետիկի նման իր ոգին, բնավորությունն ունի ։ 2 քաղաքներն էլ, սակայն, ճակատագրի բերումով գրեթե դատարկվում են և դառնում առավելապես տուրիստական քաղաքներ։ Արարատ Սարգսյանը Վենետիկի նկարիչների ստեղծած Վեդուտայի ( վենետիկյան պեյզաժ) նախատիպով տարիներ առաջ վրձնեց իր Լենդուտաները( Լենինականի պեյզաժները)։ Ասում է ,որ ինքն էլ Կանալետտոյի և իտալացի մյուս պեյզաժիստների օրինակով նկարեց և՛ Վենետիկը, և՛ իր հայրենի Լենինականը և զգաց 2ի նմանությունն ու հևոցը , որպես անասելի գեղեցիկ և փրկվելու ձգտող քաղաքների։

«Որտեղ փնտրել դրախտը» նախագիծն ամբողջ աշխարհում շրջել ու հիացրել է ամենախստապահանջ արվեստասերներին ։

Եվ, որ շատ հետաքրքիր է, դրախտ փնտրելը հատուկ է բոլոր ազգերին ։

Ինչպես մի անգամ ամերիկացի մի լրագրող նկատեց, չէ՞ որ Ամերիկան հայտնագործող եվրոպացիները նույնպես իրենց համար դրախտ էին փնտրում ։ Հայերը Իտալիայի, մասնավորապես Վենետիկի հանդեպ առանձնահատուկ սեր ու կապվածություն են տածում ։ Պատահական չէ, որ դրախտ փնտրելիս հայերը Սբ . Ղազար են հասել և հենց այստեղ,` Վենետիկում է սկիզբ առել նաև հայկական տպագրությունը ։

Առաջին հայերեն տպագիր գիրքը` Ուրբաթագիրքը 1512թ֊ին Հակոբ Մեղապարտի կողմից հենց Վենետիկում է տպագրվել ։

Հավելենք, որ ԱրմենաTV-ի Տուն-Տեղ հաղորդման հեղինակ և վարող  Կարեն Գրիգորյանը ռեպորտաժ է ներկայացրել հենց  Վենետիկից։ Ստորև ներկայացնում ենք անոնսը և հաղորդումը․ Վենետիկից ռեպորտաժը  կարող եք դիտել հաղորդման 17-րդ րոպեից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին