▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Բուդաղյանի դեմ ցուցմունք տալու դիմաց մեղադրյալին խոստացել են ազատ արձակել

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանի դեմ նախաքննական մարմինը փորձում է ապօրինի կերպով ապացույցներ ձեռք բերել: Այս մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման  ժամանակ խոսելով ստացած մտահոգիչ տեղեկության մասին՝ ասաց Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Նրա փոխանցմամբ՝ մեղադրյալներից մեկին Արա Բուդաղյանի դեմ ցուցմունք տալու դիմաց խոստացել են ազատ արձակել.

«Խոսքը գործով կալանավորված Գարեն Աթաջանյանի մասին է: Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն ամենայն հավանականությամբ լինելու է այսպիսին.այս անձը առողջական վիաճկից ելնելով չի կարող գտնվել կալանքի ներքո: Իսկ պայմանն էլ լինելու է այն, որ նա պետք է միշտ ցուցմունք տա Արա Բուդաղյանի դեմ»,-նշեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը հարց է բարձրացնում.

«Եթե այդ մեղադրյալի վիճակն այդքան վատ էր, ապա ինչո՞ւ  ավելի վաղ դատաբժշկական փորձաքննության չի ենթարկվել ու ազատ արձակվել: Իսկ, եթե նրա առողջական վիճակը թույլ է տալիս գտնվել անազատության մեջ, ապա ինչո՞ւ են փորձում արհեստական եղանակով նման պայման դնել նրա առջև: Ակնհայտ է, որ այստեղ առևտուր է գնում: Մարդուն շանտաժի են ենթարկում»:

Հիշեցնենք, որ Արա Բուդաղյանը կասկածվում է 2015 թ մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել ևս երեք հոգու՝ Հենրիկ Ավագյանին, Վիտալի Մինասյանին և Գարեն Աթաջանյանին: 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին