▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկայում ո՞ր հայ բանաստեղծի ստեղծագործությունն է կյանքի կոչելու Project LA-ը. պրոդյուսեր Սուրեն Սահակյանը բացահայտում է

Project LA-ի պրոդյուսեր Սուրեն Սահակյանը Asekose.am-ի հետ զրույցում խոսել է Project LA-ի ստեղծման, գործունեության, համերգների, հայ բանաստեղծների ստեղծագործություններին երգի միջոցով նոր կյանք պարգևելու մասին և ոչ միայն։

«2015-ին Լևոն Արևշատյանը ստեղծեց Project LA-ը ու մենք սկսեցինք ի սկզբանե աշխատել միասին։ Լևոնը գրում էր երաժշտությունը, իսկ ես զբաղվում էի պրոդյուսերությամբ։ Մենք փորձեցինք հավաքել թիմ և որոշեցինք անել հաճելի ու սիրուն բան, որը կլինի դաստիարակչական ու, կարծում եմ, արդյունքը երկար սպասեցնել չտվեց։ Երբ Project LA-ը ստեղծվեց, շատերը չէին հասկանում, թե ինչու՞ հենց LA, մարդկանց մի մասը կարծում էր, թե այն կապ ունի Լոս Անջելեսի հետ, սակայն հետագայում մենք բացեցինք այդ հապավումը՝ նշելով, որ դրանք՝ հիմնադիր Լևոն Արևշատյանի անվան ու ազգանվան առաջին տառերն են»։

Մենք տեսնում ենք լեփ լեցուն դահլիճներ ու ծափահարություններ

«Մենք այս տարիների ընթացքում համագործակցել ենք տարբեր երաժիշտների, ինչպես նաև տարբեր երգիչների հետ, բայց ավելի հիմքային , մշտական եղավ համագործակցությունը Գոռ Սուջյանի հետ։ Մենք աշխատում ենք մեծ թիմով, սակայն կադրում երևում են մի քանիսը։ Ես՝ պրոդյուսեր Սուրեն Սահակյանս և Project ԼA-ի հիմնադիր Լևոն Արևշատյանը մշտապես կադրից դուրս ենք, քանի որ մենք նախընտրում ենք աշխատել տեսախցիկներից այն կողմ։ Իսկ թիմի մյուս անդամներին , կարծում եմ, շատերն են ծանոթ թե՛ համերգներից, և թե՛ տեսահոլովակներից։

Այս պահին մեր թիմի անդամներն են՝ մենակատար Գոռ Սուջյանը, երաժշտական ղեկավար, գործիքավորող ու ստեղնաշարային գործիքներ նվագող Խաչիկ Սահակյանը, ով ի սկզբանէ է եղել նախագծում։

Մեր թիմում իր կարևոր դերն ունեն նաև բեք վոկալիստներ Թեհմինե Արաբաչյանը և Սոնա Շիրոյանը, որին հայ հանդիսատեսը ծանոթ է վաղուց , իր պրոֆեսիոնալ աշխատանքով մեզ հետ է նաև հնչունային ռեժիսոր Արման Ավետիսյանը։

Պետք է փաստեմ, որ մինչև տեսահոլովակներով ներկայանալը, համերգներով հանդես գալը, և ընդհանրապես՝ որևէ երգ հանրության դատին հանձնելը՝ ահռելի աշխատանք է տարվում՝ թե քննարկումների, և թե հստակ գործողությունների տեսքով, ու ես ուրախ եմ, որ հանդիսատեսը գնահատում է մեր աշխատանքը՝ մենք տեսնում ենք լեփ լեցուն դահլիճներ ու ծափահարություններ, ինչը շատ ոգևորող է ու միաժամանակ՝ նաև պարտավորեցնող»։

Ի ուրախություն մեզ մեծ հաջողություն գրանցեցինք

 «Ի սկզբանե մեր երգերով ներկայացվում էին արտերկրի հռչակավոր բանաստեղծների ստեղծագործությունները, սակայն հետո, որքան էլ, որ ռիսկային էր՝ առաջինը Վահան Տերյանի բանաստեղծությանը անդրադարձանք ու , ի ուրախություն մեզ, մեծ հաջողություն արձանագրեցինք։ Հասկացանք․ որ այն դուր է գալիս շատերին՝ առանց տարիքային սահմանափակման։ Ու որոշեցինք, որ շարունակական է լինելու նաև հայ բանաստեղծների ստեղծագործություններին մեր երգերով նոր կյանք տալն ու , ինչ-որ տեղ, մասսայական դարձնելը։ Առաջիկայում նախատեսում ենք նաև անդրադառնալ Հովհաննես Շիրազի ստեղծագործություններից մեկին։

Առաջիկայում ունենք համերգ Գյումրիում, մեզ համար շատ ոգևորիչ էր, որ Հայաստանի երկրորդ քաղաքում մեզ անհամբերությամբ ու շատերն են սպասում ։ Թող անհամեստություն չթվա, բայց մենք կարողանում ենք լիովին սպառել մեր համերգային տոմսերը։ Դա ստեղծագործողի համար թերևս ամենաբարձր գնահատականն է, մի այլ ոգևորություն է, քանի որ մենք աշխատում ենք հանդիսատեսի համար, ով մեզ ուժ ու ստեղծագործելու նոր հնարավորություն է տալիս։ Մենք շնորհակալ ենք, որ գնահատվում է մեր անմնացորդ աշխատանքը»։

Մեր երգերը լսվում է արտերկրում ու ոչ միայն հայերի կողմից

«Ամենամեծ ոգևորություններից մեկն էլ այն է, որ մեր երգերը լսվում է արտերկրում ու ոչ միայն հայերի կողմից։ Մեկնաբանություններից պարզ է դառնում, որ մեզ լսում են օտարազգիները, ովքեր չեն հասկանում հայերեն, սակայն նրանց գրավում է մեր երաժշտությունն ու սիրելի դառնում։ Երբ մարդ մի աշխատանք սկսում է, միշտ իրեն պատկերացնում է 5 կամ 10 տարի անց։ Ես՝ որպես նախագծի պրոդյուսեր , երազանք ունեմ, որ մենք մեր երգերը՝ հայ երաժշտասերների շրջանակից բացի նաև դրսի լսարանին սիրել տանք։ Արտասահմանցին լսի մեր երաժշտությունն ու հասկանա այն, թեկուզ իրենց բառերով։ Յուրաքանչյուրս սիրում ենք, երբ արտերկրում ինչ-որ հայկական բան ենք տեսնում, այն ոգևորում է մեզ։ Ես էլ ուզում եմ, որ այլ երկրներում, թեկուզ շատ փոքր հատված ծանոթանա մեր երգերին, մեր մշակույթին ու մեր բանաստեղծներին։ Հավելեմ նաև, որ Ռուսաստանում մեր վերջին երկու ստեղծագործություններով արդեն գրանցել ենք այդ արդյունքը, դա շատ հաճելի է ու ոգևորող»։

Հեղինակ՝ Արսեն Մաթևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին