ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի եւ ՀՀԿ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ քրեական գործ չկա հարուցված։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ խոշոր կաշառքի գործով պատգամավոր է առաջիկայում կալանավորվելու։
Նա, սակայն, հրաժարվեց մեկնաբանել մամուլում շրջանառվող լուրերը Արամ Հարությունյանի կամ մեկ այլ պատգամավորի անվան շուրջ, միայն նշեց. «Անձի նկատմամբ, եթե գործ լինի հարուցված, ապա նա պետք է ունենա կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: Նշված անձը (Արամ Հարությունյանը–խմբ.) տվյալ գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի»:
Դիտարկմանը, որ մամուլում շրջանառվում է նաեւ ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը, Սասուն Խաչատրյանը նշեց, որ նա որեւէ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չէ:
Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որը 100 տոկոսով ապացուցված է եւ արդեն երկու ամիս, մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում. «Որ օրը մտավ էդ թուղթը, այդ օրը նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ՝ կաշառքի գործով: Երեք ամիս է՝ այդ թուղթը չի գալիս, որը կապված է մի քիչ էլ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ: Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ այդ երկրի հետ կապեր կան, անընդհատ ձգում են: Բայց այդ պատգամավորը կալանավորվելու է եւ դա լինելու է Երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը»: