Առանց Ալիեւի. Գրանադայում նախատեսված հանդիպումը կայացավ քառակողմ ձեւաչափով
Գրանադայում քառակողմ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ:
Թարմացված․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում ԵՄ-ի ղեկավար Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը ստորագրել է հռչակագիր, որում ճանաչել է Ադրբեջանի՝ 86,6 հազար քառ կմ տարածքը՝ ներառյալ Արցախը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Եվրամիության հայտարարությանը։
«Կողմերը հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29800 քառ. կմ) և Ադրբեջանի (86.600 քառ. կմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչի մասին արդեն նշվել է [Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ] Միշելի 2023 թվականի մայիսի 14-ին և 15-ի հայտարարություններում»,- ասվում է փաստաթղթում։
Թարմացված․ Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համատեղ հայտարարություն են տարածել:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։
Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։ Նրանք համաձայնել են, որ անհրաժեշտ է հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին, որը բախվում է Ղարաբաղից հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքներին։
Նրանք ընդգծել են, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանի, միջազգային մոնիթորինգի ներքո, և պետք է ապահովվի նրանց պատմության, մշակույթի և իրավունքների նկատմամբ հարգանքը: Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 800 քառ. կմ) և Ադրբեջանի (86 600 քառ. կմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի՝ մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։
Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված՝ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի միջև հեռավորության ապահովման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար։
Նրանք կոչ են արել բացել բոլոր սահմանները, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա սահմանը, ինչպես նաև բացել տարածաշրջանային կապուղիները՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Եվրոպացի առաջնորդները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել բոլոր պահվող անձանց և համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզման և ականազերծման աշխատանքները հեշտացնելու համար»:
Թարմացված․ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հիասթափություն է հայտնել, որ Ադրբեջանը և Թուրքիան որոշել են չմասնակցել եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովին՝ Արցախյան հակամարտության շուրջ լարվածության ֆոնին, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ամոթ է, որ Ադրբեջանը այստեղ չէ, և ամոթ է, որ Թուրքիան, որը Ադրբեջանին աջակցող հիմնական երկիրն է, նույնպես այստեղ չէ»,- ասել է Բորելը` ժամանելով Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։
«Հետևաբար, մենք չենք կարողանա այստեղ խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին է այն փաստը, որ ավելի քան 100,000 մարդ ստիպված է եղել շտապ լքել իրենց տները և փախչել ռազմական ուժի գործադրման ակտից»
Դիտեք նաև՝