Վերջին տարիների գյուղմթերքների շուկան համալրել են ոչ ավանդական մշակաբույսերը՝ բրոկոլի, մելիսա, լոլիկ չերրի, բրյուսելյան կաղամբ, քաղցր ռեհան, հոռոմ սամիթ, նանա, ուրց, պրասասոխ, ծնեբեկ, խավրծիլ, կոլրաբի, ռուկոլա և այլն: Դրանք բավականին մեծ պահանջարկ ունեն: Ուստի «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական էկոլոգիական ՀԿ-ն` ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացված «Փորձացուցադրական տնտեսությունների հիմնումը զբաղվածությունը խթանող միջոց» ծրագրի շրջանակներում փորձեց նպաստել այդ մշակաբույսերի սպառողական շուկայի առավել կայացմանը, սպառման շրջանակների ընդլայնմանն ու կայուն շահութաբերությանը: Օգոստոս-նոյեմբեր ամսիների ընթացքում Արարատ, Արմավիր մարզերի 30 տնտեսությունների տրամադրվեցին ոչ ավանդական մշակաբույսերի սերմեր, սածիլներ, որպեսզի գյուղաբնակ ֆերմերները փորձեն աճեցնել նաև ոչ ավանդական մշակաբույսեր: Ծրագրի շրջանակներում ֆերմերային խմբերի համար իրականացվել են դասընթացներ` ոչ ավանդական մշակաբույսերի ցանման, մշակման, հետևման, սպառման, ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Այնուհետև ֆերմերները հողատարածքների որոշ հատվածներ նախապատրաստել են ոչ ավանդական մշակաբույսերի ցանման աշխատանքների սկսման նպատակով:
«Փորձացուցադրական տնտեսությունների հիմնումը զբաղվածությունը խթանող միջոց ծրագրի» ղեկավար Վարազդատ Ստեփանյանը նշեց. «Ծրագրի նպատակն է ոչ ավանդական մշակաբույսերի փորձացուցադրական տնտեսություններում գյուղաբնակ անձանց ներգրավումը, հանրային իրազեկման մակարդակի բարձրացումն ու ոլորտի զարգացմանն ուղղված համակարգային և ամբողջական միջոցառումներին նպաստելը: Ոչ ավանդական մշակաբույսերի շահութաբերությանը կարելի է նպաստել նաև ֆերմերային դաշտային դպրոցների փորձացուցադրական տնտեսությունների ստեղծմամբ՝ գյուղաբնակների անմիջական զբաղվածության ներգրավմամբ»:
Խոսելով գրանցված արդյունքների մասին` Վարազդատ Ստեփանյանն ասաց. «Նշված 30 տնտեսություններից 70-80 տոկոսի մոտ ստացվել է աճեցնել ոչ ավանդական մշակաբույսեր` տրամադրված սածիլներով: Բացի այդ նրանց տրամադրվել են նաև օրգանական պարարտանյութ, որպեսզի առանց քիմիական որևէ միջամտության կարողանան աճեցնել այդ բույսերը»: Ըստ ծրագրի ղեկավարի` սկզբում ֆերմերների շրջանում թերահավատություն է նկատվել` կարծել են, թե հերթական անարդյունավետ սեմինարն է, սակայն երբ նրանց տրամադրվել են անվճար սերմեր ու սածիլներ, այնուհետև աշխատանքային գործիքներ` բահ, փոցխ, դույլեր, տոպրակներ, ձեռոցներ, նրանց շրջանում ոգևորություն է տիրել: Վարազդատ Ստեփանյանն ասաց, որ իրենց հաջողվել է գյուղացիներին հավաստիացնել, թե ոչ ավանդական մշակաբույսերի շուկայական գինն ավելի բարձր է, խնամքն էլ մեծ բարդություն չի պահանջում, ուստի կարող են ավելի լավ արդյունք ստանալ: Վարազդատ Ստեփանյանը նաև նկատեց. «Ներկայումս ոչ ավանդական մշակաբույսերի պահանջարկը ակնհայտ է, նույնիսկ հայկական ռեստորանների, հանրային սննդի կետերի ճաշացանկում ոչ ավանդական մշակաբույսերը միշտ ներգրավվում են»:
Նշենք, որ ծրագրի շրջանակներոմ հրատարակվել է նաև «Ոչ ավանդական մշակաբույսեր» տեղեկատվական գրքույկը, որտեղ տեղեկություններ են ներկայացված այդ մշակաբույսերի ճիշտ խնամքի, աճեցման, ճաշատեսակներում դրանց օգտագործման մասին:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն