Դեռ օրեր առաջ` ի կատարումն ՀՀ նախագահի նոյեմբերի 6-ի` «2013 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու» մասին հրամանագրի` ՀՀ կառավարությունը որոշեց զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնհաժողով:
Հիշեցնենք, որ այս տարվա աշնանային զորակոչը (կրթական բարեփոխումներով պայմանավորված), շուրջ մեկ ամիս հետաձգվել է: Եվ ըստ նախագահի հրամանագրի` այն կանցկացվի 2013 թվականի դեկտեմբեր և 2014 թվականի հունվար ամիսներին:
Նախօրեին տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում նախ ամփոփվել են նախորդ` 2013թ. գարնանային զորակոչի արդյունքները, ապա քննարկվել ձմեռային զորակոչի անցկացման հետ կապված մի շարք խնդիրներ, զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:
Տարվա ընթացքում 2 անգամ ազգային բանակի համալրման այս գործընթացի առանցքային նշանակության մասին անգամ ավելորդ է հիշեցնել: Ուստի գործընթացն ամբողջությամբ` նախապատրաստական միջոցառումներից մինչև բուն զորակոչ, գտնվում է պաշտպանական գերատեսչության ղեկավարության անմիջական հսկողության ներքո:
Պարբերաբար իրականացվող բարեփոխումները միտված են զորակոչը հնարավորինս թափանցիկ, օրինական դարձնելուն, բացթողումները հնավորինս նվազագույնի հասցնելուն, օրինախախտումները բացառելուն:
Զորակոչի հաջող ընթացքի նախապայմանը նախապատրաստական միջաոցառումներն են, որոնք այս անգամ ևս իրականացվել են պատշաճ մակարդակով:
Զորակոչից զորակոչ, անշուշտ, դրական տեղաշարժը նկատելի է, ինչպես նախարար Սեյրան Օհանյանն է փաստել,
«Վերջին տարիներին զորակոչի գործընթացում ներգրավված կառույցների համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում զորակոչի կազմակերպումը դրվել է որակապես նոր՝ առավել թափանցիկ հիմքերի վրա»։
Վերջին տարիների ձեռքբերումներից կարելի է համարել նաև զորակոչը վերահսկող հանձնաժողովի գործունեությունը, որը քննարկում, վերլուծում է զորակոչի ընթացքում քաղաքացիներից ստացված դիմում-բողոքենրը: Այսինքն` եթե անգամ զորակոչային մարմինների կողմից թերություններ են արձանագրվել, դրանք կրկնակի քննարկվում են հանձնաժողովին կողմից, ինչը ևս մեկ հնարավորություն է` շտկել նախորդ օղակներում տեղ գտած բացերը:
Հավելենք` քիչ չեն եղել դեպքերը երբ նորակոչիկների կրկնակի հետազոոտության միջնորդություն է ներկայացվել զորակոչային մարմիններին:
Դրանից զատ` մշտապես գործում է նաև պաշտպանության նախարարության թեժ գիծը, որը ևս հնարավորություն է տալիս ահազանգել հնարավոր խախտումների մասին:
Խոսենք ամենակարևորի մասին, այսուհետ նորակոչիկների ծառայության վայրը որոշվելու է բացառապես վիճակահանության եղանակով, ինչը հնարավորություն կտա բացառել բոլոր տեսակի «պայմանավորվածությունները»:
Այս ամենով հանդերձ` թերացումները դեռևս բացառված չեն: Սակայն հասցված են նվազագույնի: Վերջին տարիների ընթացքում քիչ չեն եղել կողուպցիայի բացահայտման դեպքերը, որոնց մասին առաջինը բարձրաձայնել է հենց պաշտպանության նախարարությունը: Քիչ չեն նաև պաշտոնյաները, այդ թվում` բարձրաստիճան, ովքեր համապատասխան տույժի են ենթարկվել:
Հ.Գ. Գոնե խոսակցությունների մակարդակով բոլորս լսել ենք, որ «հիմա դժվար է գործ դասավորելը»:
Բարեփոխումները երբեք «չնկատողները», բացթողումների թեման անվերջ շահարկողները միգուցե հենց այդ նույն բարեփոխումմների արդյունքում «տուժածներն» են, ովքեր բախվում են փակ դռների ու չեն կարողանում առաջվա պես «գործ դասավորել»...
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան