Այսօր «Ուժեղ Հայաստան»-ը հանրահավաք էր կազմակերպել Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում:
Դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը դիմեց հրազդանցիներին. «Ո՞վ ունի ծանոթ, որ աշխատել է Հրազդանի ցեմենտի գործարանում, հիմա իրենք աշխատանք ունե՞ն` ոչ: Ո՞վ ունի ծանոթ, որ աշխատել է «Պատնեշ» ընկերությունում, հիմա գործ ունե՞ն` ոչ: Ո՞վ ունի ծանոթ, որ աշխատել է գազի բալոնների գործարանում, հիմա գործ ունե՞ն` ոչ: Հրազդանում փակվել է 3 գործարան, մատը մատին չեն տվել գործարանների վերականգնման համար: Հրազդանցին տունը չի կարողանում պահել, որովհետև պպատասխանատուները զբաղված էին եգիպտացորեն ուտելով, պարելով, ֆրանսիաներ գնալով:
Բայց ես խոստանում եմ` «Հրազդանի ցեմենտի գործարան»-ը փոփոխություններից հետո 8 ամսվա ընթացքում մենք վերագործարկելու ենք: «Պատնեշ»-ը 7-8 ամսվա ընթացքում ստանալու է պատվերներ, Հրազդանը դառնալու է Հայաստանի արդյունաբերական կենտրոնը: Տասնյակ միլիոնավոր դոլարների աշխատավարձեր, հազարավոր մարդկանց աշխատատեղեր: Հրազդանը ՀՀ-ի կենտրոնում է` սահմաններից հեռու, երկաթգծի վրա, ամենաիդեալական տեղն է, որ իր աշխատասեր բնակչությամբ արտադրություններ հիմնվեն, որով ես զբաղվել եմ, մինչև քաղաքականությամբ զբաղվելը: Ամեն շաբաթ եղել եմ Հրազդանում, տեսել եմ ձեր աշխատասիրությունը: Հայաստանը ունենալու է մի քանի արդյունաբերական կենտրոն, բայց ամենախոշորը Հայաստանն է լինելու»:
***
Հրազդանում կայացած հանրահավաքի ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը համեմատականներ ներկայացրեց. «Իմ հարազատ Տաշիրի շրջանում ունեինք մի գյուղ` Վրաստանի սահմանի վրա` Մեծավանը: Սահմանից այն կողմ` վրացական կողմում, կար ադրբեջանական մի փոքր գյուղ` 1988-ին այդ գյուղն ուներ մի շատ փոքրիկ դպրոց, իսկ Մեծավանը` 3 դպրոց: Հիմա 35 տարի և ավելի անց, Մեծավանում փակվել են համարյա բոլոր դպրոցները, մնացել է 1 դպրոց, իսկ մի քանի հարյուր մետր սահմանից այնկողմ ադրբեջանցիները սարքում են իրենց երկրորդ մեծ դպրոցը: Երեխաները շատ են իրենք շատանում են ու Բաքվի հետ ուղիղ կապ ունեն: Ավտոբուսներով կապ կա Բաքվից այդ գյուղ, այնինչ դեպի Թբիլիսի չկա: Ավտոբուսներից բացի ֆինանսավորվում են նաև ադրբեջաներեն դասերը: Եվ սա` Հայաստանի սահմանին կից: Ադրբեջանն անում է ամեն բան, որ Հայաստանը աքցանի մեջ առնի»:
***
Հրազդանում կայացած հանրահավաքի ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը արձանագրեց. «Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք Հայաստան պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով: Ադրբեջանի մոլլայի` Փաշազադեի տեղակալը հայտարարել է, որ մի քանի հարյուր մզկիթ են ունեցել, իբրև թե, այստեղ, որոնք պետք է վերակառուցվեն և իրեն հանձնվեն: Մոտ 70 օր առաջ են ասել: Նախիջևանում անցկացնում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» ֆորում:
Սրանք անգամ ժողովրդից թաքուն չեն պահում: Բայց հետո զարմանում ենք, թե ո՞նց եղավ, որ մեր մեջքի հետևում են պայմանավորվում: Ո′չ, մեր աչքի առաջ են ասում, բայց մենք չենք ուզում տեսնել: Հիմա կասեք` հա դե լավ, Ադրբեջանն ասում է, հո մենք էլ չարինք: Համեմատենք` Ադրբեջանն ուզում էր Արցախի շուրջ 5 շրջանները, ստացա՞վ, Ադրբեջանն ուզում էր Բերձորն ու Քարվաճառը, ստացա՞վ, ուզում էր ամբողջ Արցախը, ստացա՞վ, ուզում էր Սյունիքով ճանապարհ, իր երկրի հետ կապ չունի էդ ճանապարհը, ոչ մի բանի հետ կապ չունի, ստացա՞վ, ուզում էր Սահմանադրություն փոխենք, հայտարարեցի՞ն, որ փոխում են: Ի՞նչ է ուզել, որ չեն տվել էս մարդիկ: Ի՞նչ է ուզել Ադրբեջանը, որ էս մարդն ասել է` չէ, ու մի 3 ամիս հետո էլ է ասել` չէ: Սկզբից ասում է չէ, հետո ասում է հա, հետո մեզ համոզում է` այլապես կլիներ սենց, նենց: Էդ ո՞նց ա` ուրիշ երկրներում սենց խնդիրներ չեն լինում, մենակ մեզ մոտ ա լինում»:


