▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի մասին պատմող միանգամից երկու վավերագրական ֆիլմ իրավունք է ստացել մասնակցելու Օսկար մրցանակաբաշխությանը

Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է 2025 թվականի Օսկար մրցանակաբաշխությանը մասնակցելու իրավունք ունեցող 285 ֆիլմերի ցանկը՝ անիմացիոն, վավերագրական և միջազգային խաղարկային ֆիլմերի անվանակարգերում: Ֆիլմերի ցանկում ընդգրկված է երկու վավերագրական ֆիլմ, որոնք ուղղված են արցախյան թեմային՝ Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը և Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիր» վավերագրական ֆիլմը:

Շողակաթ Վարդանյանը իր ֆիլմում վավերագրել է 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անհետ կորած կրտսեր եղբոր որոնումների ընթացքն ու ընտանիքի ծանր ապրումները:
1489-ը արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում IDFA-ի 2023 թվականի լավագույն ֆիլմ և FIPRESCI մրցանակներին:
«Իմ քաղցր երկիրը» վավերագրական ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որը երազում է ատամնաբույժ դառնալ Արցախում գտնվող իր գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ փախչում է, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում ավերված հայրենիք: Վրեժը միաժամանակ դիմակայում է նոր դաժան իրողություններին, պատրաստվում ապագա մարտերին, պայքարում իր տրավմաների դեմ:

Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնեվը» ֆիլմը կմրցի «Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում՝ որպես Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ։

Փաստագրական ֆիլմերի անվանակարգում ընդգրկված է 169 ֆիլմ: Կինոարվեստի և գիտության ակադեմիան դեկտեմբերի 17-ին կհրապարակի իր 15 ֆիլմերից բաղկացած կարճ ցուցակը, որին կհաջորդեն անվանակարգերը: Օսկարի մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 2-ին «Դոլբի» թատրոնում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին