ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը խորհրդարանում.
Հարգելի խորհրդարան,
Մեկնարկել է այս գումարման խորհրդարանի վերջին գարնանային նստաշրջանը և քաղաքական ուժերի համար ներքաղաքական օրակարգի ամենագլխավոր հարցն աստիճանաբար դառնում է խորհրդարանական ընտրապայքարի թեման: Ավելին, նախընտրական կրքերն օրեցօր կարծես թե ակտիվանում են, իսկ որոշ ուժերի համար հաջորդ խորհրդարանում մանդատի լինել-չլինելը դարձել է ամենաարդիական հարցը:
Կարծում եմ՝ քաղաքական ներկապնակը բավականին բազմագույն է՝ իշխանություն, ընդդիմություն, որը բազմաշերտ է, կառուցողականից մինչև նախկին պաշտոնյաների ակումբ և օվկիանոսից այն կողմ ելքեր փնտրող ընդդիմություն:
Հարգելի խորհրդարան,
Եթե որոշ քաղաքական ուժերի և գործիչների համար շեքսպիրյան մոտիվներն ամենաառաջնայինն են, ապա մեր՝ Հանրապետական կուսակցության համար գերխնդիրն այլ է: Մենք արել ու անելու ենք հնարավորը, որպեսզի խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և ժողովրդավարական: Մենք պայքարելու ենք հանուն.
· հանուն ուժեղ Հայաստանի, որտեղ չկան ներքին թշնամիներ, այլ կա միայն գաղափարական մրցապայքար,
· հանուն ազգային և հոգևոր Հայաստանի, որտեղ առաջնայինն ազգային և քրիստոնեական արժեքներն են,
· հանուն համերաշխ Հայաստանի, որտեղ չկա մերոնք և ձերոնք,
· հանուն անվտանգ Հայաստանի, որտեղ մեր հայրենիքի և քաղաքացու անվտանգությունն ու տնտեսական առաջընթացն առաջնայինն է,
· հանուն արդար Հայաստանի, որտեղ չեն լինի երկակի չափանիշներ և օրենքից իրենց վեր դասող չինովնիկներ,
· եւ վերջապես հանուն ժողովրդավարական Հայաստանի, որտեղ ամեն ինչ կորոշի ինքը՝ քաղաքացին, կամ ինչպես կասեր Լինքոլնը, որտեղ արդար քվեաթերթիկը փամփուշտից ավելի զորեղ կլինի:
Շնորհակալ եմ ուշադրության համար: