▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը արդյունավետ է համարում նախարարության՝ 14 օրը մեկ մարդկանց պարտադիր թեստավորվելու պահանջը: Նախարարությունն այժմ ուսումնասիրում է այլ երկրներում թեստավորումների պարբերականությունը և չի բացառում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ:

http://asekose.am/filemanager/uploads/Anahit_Avanesyan.jpg

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են:

Անդրադառնալով պատվաստումներին՝ նա տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ին իրականացվել է մոտ 17 հազար պատվաստում:

«Սա կրկնվող ցուցանիշ է: Վերջին շաբաթվա ընթացքում նման բարձր ցուցանիշը պահպանվում է, և մենք ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ պատվաստվողների թիվն ավելի կմեծանա»,- ասել է նա ու հավելել, որ պատվաստումների աճին զուգահեռ մեծանում է նաև կորոնավիրուսով վարակվածների թիվը:

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ առողջապահական համակարգը գերլարված է:

«Աշնանն առհասարակ հիվանդացության աճ է գրանցվում:  Արդեն 1800-ից 1900 նոր մահճակալ է տրամադրվում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, բայց մեր ռեսուրսներն անվերջ չեն. դա միայն մահճակալներին չի վերաբերում, առաջին հերթին՝ բուժաշխատողներին: Մենք պետք է ամեն ինչ անենք հնարավորինս զսպելու առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հիվանդության տարածումը»,- ընդգծել է նախարարն ու քաղաքացիներին հորդորել դիմակ կրել փակ տարածքներում, քանի որ դա կարող է կյանքեր փրկել:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին