Armtimes.com-ը գրում է. Մարտի 13-ին Hayastan24.com կայքում սկանդալային ձայնագրություն հրապարակվեց, որում լսվում էր, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկը աշխատակիցներին հորդորում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել քվեարկել նրա օգտին՝ այլապես կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ:
Ժողովն անցկացնողը հատկապես բարձրաձայն հնչեցնում էր մեծ թվով ձայներ բերածների եւ ձայներ չբերածների անունները՝ առաջիններին ամոթանք տալով, երկրորդների համար ծափահարություններ պահանջելով:
Մեզ հաջողվել է զրուցել Արտակ Սարգսյանի համար ձայներ չբերածներից մեկի՝ Սիրանուշ Թումասյանի հետ: Սկանդալային ձայնագրությունում լսվում է, որ նրա մասին խոսելով ժողովը վարողը ասում էր. «Սիրանույշ Թումասյան: Յա, մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել-զարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո՞անենք, հա՞ 0 ձայներիդ համար: Ամոթ չե՞ս անում, Սիրանույշ: Ամոթ ա, չէ՞: Որտե՞ղ ես ապրում, Թաիրո՞վ: Կապ չունի, տեսա՞ք մարդը ռայոնից 15 ձայն ա բերել»:
Ներկայացնենք մեր զրույցը Սիրանուշ Թումասյանի հետ:
- Սիրանուշ, «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության մեջ ձեր անունն էր հնչում, որ ձայներ չեք բերել: Ուզում էի իմանալ ձեր համար խնդիր առաջացա՞վ, թե ոչ:
- Որ ձայներ չենք բերե՞լ: Հա: Չէ-չէ, բան չի եղել:
- Որեւէ ձեւով չպատժեցի՞ն ձեզ:
- Չէ, չէ, չեն պատժել:
- Աշխատո՞ւմ եք, շարունակո՞ւմ եք աշխատել:
- Չեմ աշխատում, բայց պատճառը դա չի:
- Դո՞ւրս եք եկել աշխատանքից:
- Չէ, ես ուղղակի մեկի տեղն էի փոխարինում, ինքը արդեն եկել է, թե չէ խնդիրներ չի առաջացել:
- Ձայնագրությունում ասվում է, որ 0 ձայն եք բերել, հետո ձայներ տարա՞ք, թե չէ:
- Ի՞նչ ձայնագրություն:
- Լրատվամիջոցներով տարածվել էր ձեր ժողովի ձայնագրությունը, որտեղ աշխատակիցներից մեկին հարցնում էին՝ ով ինչքան ձայն է բերել:
- Հա, դե էդ բոլորն էլ գիտեն: Մենակ ես չէի, բոլորին հերթով զանգո՞ւմ եք:
- Եթե բոլորին կարողանանք գտնել՝ զանգելու ենք:
- Չէ, չէ, խնդիրներ չեն եղել:
- Մյուս գործընկերներն է՞լ խնդիրներ չեն ունեցել:
- Չէ, բոլորն էլ աշխատում են:
- Բա ինչո՞ւ էին էդպես վախացնում: Ո՞վ էր ձեզ հետ նման կոպիտ տոնով խոսողը:
- Ես չգիտեմ, կոպիտ չէր, երեւի իր խոսելու ձեւն է:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում


