Եվ թե ամեն ինչ խոսելով լիներ...
Իմ տան դեմ-դիմաց օվկիան կլիներ
Մի եդեմական:
Լռությու~ն,անդո~րր:
Ես կարթնանայի ամեն առավոտ
Խաղա~ղ ու անհոգ,
Եվ թեթև ճոճվող բազկաթոռի հետ,
Օվկիանի ափին,
Կմպեի տաք սուրճ,
Հայացքս խորունկ ու հաղթանակած...
Իբրև աշխարհն է ոտքիս տակ փռված:
Անունս կրող կղզի կլիներ,
Եթե ամեն ինչ խոսելով լիներ:
Ինչու չէ,գուցե մի քանիսն էլ դեռ,
Սիրելի կանանց կանեի նվեր,
Էլիտար կարգի... մի պարոնի պես,
Ով փողկապ ունի,գիտե այն կապել...
Աշխարհն էլ որպես տաբատ է հագել`
Գրպանները մեծ:
Խոսելով լիներ,արդար կլիներ
Աշխարհը իմ դեմ:
Չէր լինի ընդեմ,
Գող կամ ավազակ,
Մեկի` պարտություն,մյուսի` հաղթանակ,
Աշխարհի ոչ մի պետության խղճին`
Պետություն քանդող և ոչ մի բանակ...
Բանականությամբ օժտված կենդանին
Կհռչակվեր մարդ,
Ոչ բնավ,որպես` Աստծուն ուրացող,
Եվ` աստվածապաշտ:
Մի խոսքով,եթե խոսելով լիներ,
Աշխարհը վաղու~ց ուրիշ կլիներ:
Արթնացեք,բավ է...
Աշխարհի բանն է.
ուժն է,որ գահին պիտի տիրանա,
շահը` վայելե:
Եվ մինչև անգամ,համարենք` եթե,
Ամեն ինչ,իրոք, հենց` խոսելով է...
Արթնացեք,բավ է...
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet