Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով հունիսի 1-ին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն իր հարկի ներքո կրկին կազմակերպել էր տոնական միջոցառում՝ իր հյուրընկալ դռները բացելով երեխաների առջև:
Երեխաներին այս տարի հյուրընկալվել էր բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ով, սակայն, այս անգամ խոհարարի դերում էր: Բռնցքամարտիկի խոսքով՝ յուրաքանչյուր հայ տղամարդ պարտավոր է լավ խորոված անել.

Արթուր Աբրահամը շնորհավորել է երեխաներին նրանց տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն ու անհոգ մանկություն.
«Որքան շատ նման օրեր լինեն երեխաների համար, այնքան լավ, բայց ինձ համար ամեն օր երեխայի տոն է, որովհետև մենք բոլորս ապրում ենք երեխաների համար»:
«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք ամեն ինչ արել են երեխաների օրը հիշարժան դարձնելու համար.
«Օրրանում» ամեն օր է տոն, որովհետև փորձում ենք յուրաքանչյուր օր նրանց լիարժեք ուրախացնել, բայց լավ է, որ նաև այսպիսի օրեր են լինում, որ ավելի ընդգծված մոտեցում է լինում, երեխաներն ավելի ընդգծված սեր և հոգատարություն են ստանում: Այս տարի շատ է տարբերվում նախորդ տարիներից: 1 տարի համարյա փակ էր «Օրրան»-ը, որովհետը քովիդը կար, և երեխաներին շատ դժվար էր այդ պայմաններում: Նրանք զրկվեցին ոչ միայն ուտելիքից կամ կրթությունից, իրենք զրկվեցին իրենց ամենամեծ արժեքից՝ իրենց ընկերությունից: Դրան գումարվեց պատերազմը: Պետք է ասեմ, որ բոլորիս սիրտն այսօր կիսով չափ սև է, բայց մենք փորձում ենք մեզ համար բացատրություններ գտնել, թե ինչու պետք է շարունակենք տոնել, որովհետև ցանկանում ենք տեսնել պայծառ ապագա մեր երեխաների համար»:
Այս տարի նույնպես «Օրրան»-ի կողքին էր «Բարի Սամարացի» ընկերությունը, ով նաև նվերներ էր պատրաստել օրվա հերոսների՝ երեխաների համար:


