Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին աջակցելու է եկել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը. «Միանշանակ, այս գործը ունի քաղաքական ուղղվածություն, փորձ է արվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու, եւ Գլխավոր դատախազը, որ ներկայացրեց մեղադրանքները, չկարողացավ համոզել, որ դրանք հիմնավոր են»,-ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, որ նախաքննությունում է ընթանում, եւ հիմքերը ամբողջովին չեն ներկայացվել, Արթուր Վանեցյանն արձագանքեց՝ ասելով. «Այն հիմքերը, որ հասանելի են բոլորիս, հիմք են տալիս ենթադրելու, որ չկան հիմնավոր ապացույցներ, չկա ուղիղ ցուցմունք, այդ հարցին չպատասխանեց գլխավոր դատախազը, ուստի այն, ինչ ունենք, թույլ է տալիս ենթադրել, որ բացակայում է հիմնավոր կասկածը՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու»:
Արձագանքելով մամուլի այն հրապարակումներին, որ ինքը Գագիկ Ծառուկյանի հետ լարված հարաբերություն ունի, Վանեցյանն ասաց. «Ես ու պարոն Ծառուկյանը ունեցել ենք եւ ունենք շատ լավ հարաբերություններ»:
Հարցին՝ իր պաշտոնավարման ընթացքում քաղաքական հետապնդում իրականացվե՞լ է որեւէ մեկի նկատմամբ, ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց. «Եթե իրականացվեր, հանրությունը եւ նաեւ լրագրողական հանրությունը դրա գնահատականը կտար, այս ընթացքում երբեւիցե նման գնահատական չի հնչեցվել»:
Ըստ Վանեցյանի՝ քաղաքական հետապնդումները կարող են հիմք տալ մտածելու, որ հնարավոր է՝ նաեւ իր նկատմամբ իրականացվի որեւէ գործողություն. «Բայց ես առիթ ունեցել եմ ասելու, որ օրինական ճանապարահով ինձ զրկել ազատությունից հնարավոր չէ, որովհետեւ ես անօրինական որեւէ բան չեմ արել»:
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննության ՈւՂԻՂ միացումը ԱՅՍՏԵՂ


