▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի լավ է պոռնիկ մարմնով, քան՝ հոգով...

Եթե ասեին, որ Բարաք Օբաման է գալիս Հայաստան կամ՝ Անգելա Մերկելը, հավանաբար նման իրարանցում ու հետաքրքրության պոռթկում չլիներ: Իսկ եթե ասեին, որ գալիս է ինչ-որ աշխարհահռչակ գրող կամ 20-րդ դարի լեգենդ Պիտեր Բրուքը, գուցե մի 50 հոգուց ավելի մարդ չհետաքրքրվեր...
Իսկ հիմա անթաքույց թե թաքուստված՝ գրեթե բոլորը հետաքրքրված են Քիմ Քարդաշյանով, նրա Հայաստան այցելությամբ: Ոմանք հեգնում են, ծաղրում, բայց, համոզված եմ, սրտի խորքում անչափ ուրախ են ու դեռ նախանձում են նրանց, ովքեր մոտ են լինելու Քիմ Քարդաշյանին: Ոմանք էլ չեն թաքցնում իրենց ուրախությունը:
Ուրեմն, արտաքին անտարբերության տակ շատերի մոտ եռում է անհամբեր սպասման ներքին կրակը...
Հետևաբար, ու՞մ է պետք այս սուտ թատրոնը, ու՞մ է պետք կեղծ բարոյականության ու պարկեշտության ցուցադրությունը...
Եթե գալիս է, ուրեմն այնքան բարոյականություն կա իր մեջ, որ չի մոռացել իր հայրենիքը, իր նախնիներին, որոնք սերում են Կարսից, որոնց մի մասն ապաստան է գտել Արագածի ստորոտին ծվարած Արթիկում ու Գյումրիում... Եթե գալիս է, նշանակում է՝ այդ գալն անհրաժեշտ է, պետք է:...
Մենք տասնամյակներ շարունակ մեր դահիճների արձանները կանգնեցրինք մեր հրապարակներում, փառաբանեցինք Լենինին ու Ստալինին, մենք այսօր պատրաստ ենք սողալ Անգելա Մերկելի ոտքերի տակ, որի հայրը մեր պապին է սպանել ու կրակ տվել մեր տները, մենք այսօր հանդուրժում ու ծափերով ենք ընդունում մի շարք փողի տոպրակների, որոնք իբրև թե հայության առաջնորդներ լինելով՝ Հայաստանից դուրս ծախում են Հայաստանն ու հայությանը, նպաստում այն բանին, որ Հայաստանը պատանդ դառնա օտարների ձեռքերին...
Իսկ Քիմ Քարդաշյանի դեպքում մեր տատերի հարսանեկան օժիտի սնդուկներից հանում ենք բորբոսնած բարոյականության խլյակներն ու դատապարտում:
Ինչու՞: Հանուն ինչի՞:
Իր մարմինն է նա դարձրել իր բիզնեսի հիմքը, իր մարմնով է կերտում իր ընթացքը: Ամերիկան այդ իրողությանը նայում է հպանցիկորեն, չի էլ հիշում ու կարևորում: Թուրքիան գրեթե ազգային հերոս դարձրեց տիկին Մաթիլդ Մանուկյանին, որը հասարակաց տների ամենամեծ ցանցն ուներ Թուրիքայում և համարվում էր ամենախոշոր հարկատուն: Հիմա էլ ֆիլմ է նկարահանել նրա մասին:
Իսկ մենք... Քիմ Քարդաշյա՜ն... Քիմ Քարդաշյա՜ն...
Ինձ չի հետաքրքրում նրա զբաղմունքը: Ավելի լավ է պոռնիկ մարմնով, քան՝ հոգով...
Գալիս է՝ թող գա, ծանոթանա Հայաստանին ու վերադառնա:
Եթե չենք ուզում կարևորվի նրա այցը, եթե ամաչում ենք նրա պատճառով, ապա, ավելի լավ է, չգրենք ու չքարոզենք:
Թե՞ չեմ ուզում՝ գցիր գրպանս...

Լևոն Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին