▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախթալայում դարձյալ կրքերը բորբոքվել են. պոչամբարը հոսում է, շահույթը՝ մնում

 

Մինչ բնապահպաններն ահազանգում են Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարից դեպի Դեբեդ գետը հոսող պոչանքների ու բնությանը դրանց հասցվող վնասի մասին, իսկ պատկան կառույցները շարունակում են ուսումնասիրություններ անել՝ պարզելու շրջակա միջավայրին հասցված վնասի չափը, Ախթալայում հերթական պայքարն է սկսվել կոմբինատին տիրելու համար:

Կոմբինատի անվտանգության ծառայության պետը՝ Արսեն Չիչյանը, ով Ախթալայում հայտնի է «Բոդոլ» մականունով, ցանկանում է մասնակցել ընկերության կառավարմանը: Նա այդ պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել Լոռու մարզի քաղաքացիական դատարան: 
 
Կոմբինատի անվտանգության պետը դատարանից պահանջում է առ ոչինչ ճանաչել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում 2013 և 2014 թվականներին կատարված պետական գրանցումները, որով «Ախթալայի» ԼՀԿ-ի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություններ են կատարվել, ասել է թե` փոխվել են բաժնետերերը: Հայցվող Չիչյանը համարում է, որ այս գրանցումները կատարվել են ընկերության գործունեության կառավարմանը մասնակցելու և դրանից շահույթ ստանալու՝ իր օրինական իրավունքների խախտմամբ:
 
Արսեն Չիչյանը, ի դեպ, Ախթալայում քրեական համբավ ունեցող անձնավորություն է: 2012թ. նա հայտնի դարձավ Խաչիկյանների հետ ունեցած ընդհարումներով: Լուրեր տարածվեցին նաև քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի՝ Սոցապ հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի եղբոր ոտքերի տակ կրակելու մասին: Քրեական գործ, սակայն, չհարուցվեց: 
 
Իսկ 2012թ. ամռանը՝ օգոստոս ամսին, Չիչյանը Շնող գյուղի բնակիչ Էդգար Հախվերդյանի հետ հարձակվել էր Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի մյուս եղբոր՝ Կարեն Խաչիկյանի բնակարանի վրա, կոտրել դուռը, վնասել տան գույքը, ապա ոտքերով հարվածել ու վնասել քաղաքապետի՝ բակում կայանված ծառայողական «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենան: 
 
Կարեն Խաչիկյանը, գալով տուն ու իմանալով կատարվածի մասին, հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ գնացել էր Արսեն Չիչյանի տուն ու փոխադարձաբար վնասել նրա գույքն ու ծեծել տան անդամներին, այդ թվում՝ Չիչյանի մորը, ով Խաչիկյանների ազգից է:
 
Այս փաստերով հարուցված քրեական գործի նախաքննությանն ու դատաքննությանը զուգահեռ մեկնաբանություններ էին հնչում, թե տեղի ունեցածը որոշակի առնչություն ունի Ախթալայի ԼՀ կոմբինատի նախկին սեփականատեր, մակնապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի հանցավոր գործունեության բացահայտման ու նրա նկատմամբ հարուցված քրեական գործի հետ: 
 
Աղմկահարույց դատավարության ավարտին դատարանը երկու կողմերի ներկայացուցիչներին էլ մեղավոր ճանաչեց՝ Չիչյանին՝ ազատզրկման, իսկ Խաչիկյաններին տուգանքի ենթարկելով: Սակայն նրանց նկատմամբ համաներում կիրառվեց ու բոլորն էլ ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:
 
Որքանով է այսօր Չիչյանի ակտիվացումը կապված Ախթալայի ԼՀԿ-ի շուրջ սկսված նոր, այս անգամ՝ բնապահպանական գործընթացների հետ, դժվար է ասել: Դա, թերևս, պարզ կդառնա  միայն ընթացող բոլոր ստուգումների ավարտին, երբ ակնառու կլինի, թե այս անգամ ով շահեց բարձրացված աղմուկից:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին