▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այո՛, աբիժնիկ եմ

Գրածս մեծահոգաբար շան տեղ դրած հոգատար հայրենակիցներս երբեմն ասում են, որ ժամանակին ինձ փայ չի հասել՝ աբիժնիկ եմ։ Այդ բառը տարօրինակ կերպով դուրս է մնացել իմ բառապաշարից, որովհետև ախպար եմ արդեն երևի, Երևանում չեմ եղել բառի մասայականացման ժամանակ, ավարառության չեմ մասնակցել որ ինձ պայ տային, կամ հակառակը, որ աբիժնիկանայի:

Ակնհայտ է, որ ռուսերեն նեղանալ բառից է առաջացել, բերդերում հաստատ, և պետք է նշանակի նեղացած։

 

Ասել կուզե, հայրենակիցներս գրում են, որ իրենք մաս-մաս են արել երկիրը, ինձ փայ չի հասել, դրանից նեղացած եմ։

 

Առաջին անգամ մտածում եմ կյանքումս նեղացա՞ծ եմ արդյոք, թե՞ ոչ։

 

Չէ՞ որ մասնատման չեմ մասնակցել։ Ինչի՞ց նեղանամ։ Նեղանամ, որ մասնատվե՞լ է։ Չեմ կարող, դրա օգտին քվեարկել է 95%-ից ավել մարդ։ Արհամարհել կարող եմ թերևս:

Ի նշան արհամարհանքի չեմ ստացել վաուչեր, իմ կամքով վնասել եմ ինձ տնտեսապես, այո՛, բայց նեղանալ, երբեք չեմ կարող։ Հոգևոր արժեքները թվային միավորներով չեն հաշվվում, դրա պատճառով այդ ոլորտում նեղացողը խելագար է։

Հաստատ նեղացած չեմ։ Նյութական կորուստներ ունե՞մ։

 

Սկսում եմ վերհիշել։ Ունեցվածք, որ նշանակում է տուն, կահկարասի, կենցաղ, ատամներ լվանալ, զուգարանի թուղթ, ոչ որջ, մի խոսքով, ունե՞մ, ունեի՞, որ մի ՏԵՂԻՑ զարթնեի, զարթնեին զավակներս և ստեղծագործ աշխատանքով, հանուն հայրենի…

 

Օպոնենտն անշուշտ ճվում է հենց այս պահին, - Մնայի՛ր, ստեղծագործ աշխատանքով ստեղծեիր։

 

Ստեղծել էի, ախմա ՛խ, - հետևում է անմիջապես պատասխանս, - սպասիր վերջացնեմ։

 

Արդանիշում ունեմ մի տուն, ստեղծագործ, անքրէ աշխատանքովս վաստակած, որը առաջացնելուցս անմիջապես հետո, անվճար զբաղեցրել է Դաշքեսանից եկած մի մեծ ընտանիք, օրհնություններս իրենց զավակներին և իրենց։ Համբերատար սպասում եմ բնականաբար, որ կառավարություն առաջանա վերջապես, գաղթականներին բնակարաններով ապահովելով զբաղվի, որովհետև երեխաներին փողոց նետելը արգելված է գերակա օրենքով, ՄԱԿ-ով հաստատված և հազար ներողություն՝ սեփական անբարոյականությամբս։ Երևանում ունեմ վիրտուալ մի 4 սենյականոց բնակարան, որը գնված է, 100% կանխավճարով, բայց երբևէ չեմ տեսել այն, ոչ էլ նրանց, ովքեր դրամը ստացան բանկում, ստացականով։ Տունս գոյություն ունի Երևանում իրավաբանորեն, բայց իրականում չկա, ինչպիսի վիրտուոզ-վիրտուալ բնակարանաշինություն։ Այս մարդկանց էլ՝ ինձ թալանած, օրհնում եմ, որովհետև համոզված չեմ, որ սպանված չեն, կամ գցված, հետապնդված, խաբված։

Ես բարով-խերով ինձ տեղավորել կարողացել եմ կյանքում, ամենուր, միշտ կարողանալու եմ, բայց վերը նկարագրած սատանի մայլի քյանդրբազությամբ, մեր երկրի 1%-ը տիրացավ 99%-ի ամեն իչին, մղեց գաղթի, պանդխտության, անէացման:

 

Գաղթականները, հալածվածներն ու հանցագործները ինձ պարտք չեն: Նրանց մեծ մասն առայժմ անտեղյակ նախիր են:

Ինձ պարտք են նրանք, ովքեր իմ ցեղը կազմակերպված ու ծպտված ուղորդել են նախրության:

Նեղացա՞ծ եմ ես: Իհարկե՛ նեղացած եմ:

 

Սրանք ուզում են արմատներդ կտրել, ու միաժամանակ լվանալ գլուխդ այնպես, որ նեղանալն անգամ ամոթ բան համարես, երբ իրականում ունես բոլոր ազատությունները, անգամ սպանելու:

 

Այո`Աբիժնիկ եմ ես: Գալիս եմ փայս ու ամբողջը ետ ստանալու՝ տոկոսով։

 

2004-10-03, Սթոքհոլմ

Վահե Ավետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին