Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Quartz կայքն անդրադարձել է թեմային` նշելով, որ Ցեղասպանությունը շարունակում է քաղաքական թեժ թեմա մնալ, որն այս տարի կշոշափվի նաև «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: Անդրադարձի հեղինակ Անալիզա Մերելին գրում է, որ երգի ու պարի այդ մեծ տոնն իրականում միջազգային քաղաքականություն վարելու հարթակ է:
Ըստ նրա՝ այս տարվա «Եվրատեսիլը», որը կայանալու է մայիսի 19-23-ը Վիեննայում, լի է լինելու քաղաքական ինտրիգներով, որից մեկը Հայաստանի` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երգն է:
Հեղինակը նշում է, որ հայկական կողմն այս տարի մրցույթին մասնակցում է նոր ձևաչափով, որի շրջանակներում համախմբել է 1915 թ. աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձևավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը: Երգի վերնագիրն է՝ ‘«Don’t deny» («Մի՛ ժխտիր»):
«Եվրատեսիլի» պաշտոնական կայքում նշվում է, որ «Հայաստանը ներկայացնող խմբում հավախմբվել են նրանք, «որոնց ընտանիքները 1915թ. սփռվել են աշխարհով մեկ»:
Մերելին եզրափակում է իր անդրադարձը` նկատելով, որ սա առաջին անգամը չէ, երբ համաեվրոպական երգի մրցույթն առնչվում է Հայաստանին վերաբերող քաղաքական թեմաներին: Հեղինակը հիշեցնում է 2012թ., երբ Հայաստանը հրաժարվեց մասնակցությունից, քանի որ մրցույթն անցկացվում էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:
Artsakhpress.am
Այս տարվա «Եվրատեսիլը» լի է քաղաքական ինտրիգներով. Quartz-ը` Հայաստանի մասնակցության մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet