Այսօր իմ երկրի կարևորագույն տոնն է,
այսօր Հայաստանիս բանակի օրն է:
Ու ինչպես արդարացիորեն նկատում է իմ ընկերներից Արշակ Զաքարյանը, 22-րդ տարելիցը չի, որ մենք պետք է նշենք, քանզի իմ հազարմյա երկրի բանակը հազարամյա պատմություն ունի:
Ու այսօր, ավելի քան երբևէ, պետք է հասկանանք ու գիտակցենք, որ մեր երկրի գոյության միակ և իրական գրավականը մեր բանակն է, ու եթե մենք չենք ուզում իսպառ բնաջնջվել դարեր շարունակ դա անել երազող թշնամիների կողմից, պետք է լինենք մեր բանակի կողքին, օգնենք նրան ավելի հզոր և մարտունակ լինել, այլ ոչ թե բամբասանքների և ասեկոսեների մակարդակի լուրեր տարածելով վարկաբեկենք նրան, մեր գոյության միակ «հովանավորին»:
Այո, մեր բանակում, ինչպես ցանկացած այլ երկրի բանակում, ամեն ինչ չի, որ իդեալական է, բայց եկեք հասկանանք ու ընկալենք, որ մարդիկ էլ իդեալական չեն, որ բանակում ծառայում են այդ նույն «ոչ իդեալական» մարդիկ, այդ նույն «ոչ իդեալական» մարդկանց դաստիարակած երեխաները:
Ու եթե ուզում ենք, որ մեր բանակում մեկը մյուսի նկատմամբ թշնամանք չունենա, եկեք այսօրվանից դադարենք մեր երեխաներին սովորեցնել «եթե մանկապարտեզում մեկը քեզ նեղի, քարը կվերցնես կտաս գլխին», եկեք այսօրվանից դադարեցնենք սրսկել բանակ զորակոչվող երիտասարդների մեջ, որ բանակում «կենդանական աշխարհի օրենքներն են ու գոյատևում է ուժեղագույնը, որ ուժեղն ուտելու է թույլին ու որ պետք է ամեն ինչ ասածին հակառակն անել, «չկոտրվելու» համար»:
Ես, որպես ՀՀ Զինված ՈՒժերում ծառայած մարդ, ավելի քան լավ գիտեմ, թե որտեղից են սկսվում արմատները, թե ինչու է օրինակ արևի տակ կանգնած նորակոչիկ զինվորը «արևի տակ չկանգնելու և մի քայլ էն կողմ կանգնելու քո կոչին» պատասխանում «դու ինձ մի ասա» արտահայտությամբ, առանց գիտակցելու որ իր համար ես ասում:
Ուստի մինչ բանակից բողոքելը, եկեք մենք գիտակցենք պատճառահետևանքային կապը ու բանակ ուղարկենք ոչ թե «բանակում իրենց լավ զգացողների», ում «սխրանքներով» վաղը հիանալու ենք, այլ իր հայրենիքը, իր տունը, իր ընտանիքը կյանքի գնով պաշտպանել հերոսների, ինչպես դա արել էր հերոս Արմեն Հովհաննիսյանի ընտանիքը:
Եկեք գիտակցենք ու հասկանանք ու դադարենք միայն բողոքել ու «քլնգել» մեր բանակին, տարածելով մի քանի ավել քլիքի համար հայրենիքը վաճառող հայկական լրատվական «որոշ» կայքերի «լուրերն» ու տեսանյութերը` թշնամու ջրաղացին ջուր լցնելով:
Ու հասկանանք և գիտակցենք, որ եթե թշնամին գեթ մեկ վայրկյան, գեթ մեկ տոկոս վստահ լիներ, որ կարող է մեզ հաղթել, այդ իսկ վայրկյանին հարձակվել էր ու սկսել լայնամասշտաբ պատերազմ:
Եվ եթե ուզում եք խաղաղութոյւն լինի, պետք է էլ ավելի հզորացնենք մեր բանակը, զորավիգ լինենք նրան ու միշտ լինենք մեր բանակի ու սահմանամերձ գյուղերում ապրող մեր հայրենակիցների կողքին, թեկուզ մեր ուշադրությամբ:
Si vis pacem, para bellum - Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի:
Մենք պատերազմ չենք ուզում, բայց պատերազմի ամեն վայրկյան պատրաստ ենք, քանզի ուզում ենք խաղաղություն:
Դե ուրեմն շնորհավոր Հայաստանի Հանրապետության ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏՈՆԸ, ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՅՈՑ ՓԱՌԱՊԱՆԾ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ:
Այսօր իմ երկրի կարևորագույն տոնն է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet