▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկները երդվել են Մատաղի սեղանի շուրջ. «Հրապարակ»

Արմավիրից և Աշտարակից հետո Ազատամարտիկների դաշինքի հերթական արտագնա հավաքն Արարատի մարզում էր: Տեղում նրանց միացան Արարատի ազատամարտիկները: Ծաղիկներ դրեցին քաղաքապետարանի դիմաց գտնվող Վազգեն Սարգսյանի արձանին, ապա լերկ բլուրների, արևախանձ ու դարուփոս դաշտերի և ամայի սարերի միջով, մեքենաներով ճանապարհվեցին տեղի Սուրբ Նշան եկեղեցի:

Եկեղեցու բակում, ուր ամփոփված էին նաև Արարատի զոհված տղաներից մի քանիսի շիրիմները, թթենիների ու ընկուզենիների շվաքի տակ, հենց ոտքի վրա, հրամանատարներն սկսեցին իրենց հերթական հավաքը: Այս հավաքը, ինչպես նախորդները, մտահոգություն էր երկրի ապագայի, ստեղծված իրավիճակի, իշխանությունների կողմից երկիրը ծրագրված դատարկելու և կործանման տանելու շուրջ: Այս անգամ, ինչպես նշեցին, իրենց պայքարը ոչ թե արտաքին, այլ ներքին թշնամու դեմ է:

«Տարիներ առաջ հենց այստեղ՝ Սուրբ Նշան եկեղեցու բակում Արարատի 500-ից ավելի ազատամարտիկներով՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, երդում տվեցինք և գնացինք մարտադաշտ: Պատահական չի, որ այսօր նորից այստեղ ենք հավաքվել, որովհետև մեր առաջին հավաքն էլ էր հենց այստեղ, և այստեղից գնացինք, ու, ցավոք, տղաների մի մասը չվերադարձավ: Իսկ ովքեր կանք, էլի նույն տղաներն ենք, բան չի փոխվել, թող մեզնից մի 10 հոգի ծախված ու իրենց երդումը մոռացած լինեն, մնացածներս նույնն ենք մնացել, նույն տղերքն ենք: Առաջին անգամ այստեղ ենք երդվել ու գնացել, հիմա էլ այստեղից՝ այս սուրբ վայրից կգնանք ուր որ պետք լինի»,- իր ելույթում նշեց «Արալեզ» ջոկատի հրամանատար Ռազմիկ Թևանյանը (Արարատի Ռազ):

Հրամանատարները խոստանում են, որ աշունն իսկապես թեժ է լինելու, անկախ այն բանից, թե ոստիկանապետ Վովա Գասպարյանն ինչ զինավարժություններ կանի միտինգավորներին ցրելու ցուցադրությամբ և ինչպիսի «սառը ցնցուղով» կսպառնա անհնազանդներին: «Մեր ընկերներն այսօր կամ բեռնակիր են աշխատում շուկաներում, կամ մեկնել են ռուսաստաններ՝ արտագնա աշխատանքի, արհամարհված են ու տրորված, ովքեր պատերազմ են հաղթել: Մեզ շատ ճիշտ պահեցինք մեր պայքարի առաջին փուլում, երբ կռվում էինք թուրքի դեմ, իսկ երկրորդ փուլում ճիշտ չենք պահում մեզ, երբ վտանգված է հայրենիքը ներսից: Մեր պայքարը հիմա պիտի եզրափակենք՝ ներսից ազատագրելով երկիրն այս իշխանություններից»,- մարտական ընկերներին դիմեց Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը (Ապարանի Ռազմիկ):

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին