▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Ազգային» մակդիրը հպարտորեն վրան առած սույն կազմակերպությունն իրեն լո՞ւրջ է վերաբերվում»

Կինոքննադատ Զավեն Բոյաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը չեմ տեսել: Ոչ էլ Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմն եմ տեսել: Ուզում եմ ասել՝ տվյալ դեպքում ոչ անձնական կարծիք ունեմ, ոչ էլ մասնագիտական, դատում եմ զուտ օբյեկտիվ փաստերով ու հանգամանքներով: Եվ այսպես, «1489»-ը վավերագրական կինոյի ամենահեղինակավոր ֆորումի՝ Ամստերդամի միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին արժանանալուց հետո փառատոնային հիթի է վերածվել՝ ներկայացվելով աշխարհի ամենատարբեր կինոփառատոներում և մի շարք այլ պարգևներ վաստակելով: Ասել կուզի՝ խոսքը հայկական ֆիլմին երբևէ վիճակված աննախադեպ միջազգային հաջողության մասին է, որն արտակարգ իրադարձություն է մեղմ ասած՝ հազվադեպ աչքի ընկնող մեր կինոյի համար: Իսկ «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» գոնե առայժմ ճանաչման չի հասել և որքան գիտեմ, որևէ փառատոնում չի էլ ներկայացվել: Մինչդեռ Հայկական ազգային կինոակադեմիա կոչվող հաստատությունը, լիովին անտեսելով «1489»-ին բաժին ընկած վիթխարի հաջողությունը, որ հայկական ֆիլմին միջազգային ասպարեզում աչքի ընկնելու բացառիկ հնարավորություն է ընձեռել, Օսկարյան մրցանակաբաշխությանը հավակնելու ուղեգիր է տվել «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմին, որի ռեժիսորը, ի լրումն, կինոակադեմիայի խորհրդի անդամ է: Ի՞նչ է ստացվում․ փաստորեն, սույն կինոակադեմիան՝ ի դեմս իր անդամների, հույժ «հատուկ» կարծիք ունի, թե որ ֆիլմը պիտի Հայաստանը ներկայացնի, և միջազգային կինոհանրության մեծ գնահատականն ու բուռն արձագանքը «1489»-ին նրա համար բնավ էլ ուղեցույց չեն, ինքն իր հաշիվներն ունի (եթե կարճ ձևակերպենք): Բայց սա հո կուրյոզ է, և «ազգային» մակդիրը հպարտորեն վրան առած, բայց առտնին հաշվարկներով առաջնորդվող սույն կազմակերպությունն իրեն լո՞ւրջ է վերաբերվում: Եթե այո, մեկը՝ ես, չեմ կարող լուրջ վերաբերվել և, անկեղծ ասած, երբեք էլ լուրջ չեմ վերաբերվել, հուսով եմ՝ արդեն պարզ է, թե ինչու»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին