▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային պարկ, թե՞...«Ժողովուրդ»

Մի քանի օր առաջ Տավուշի մարզի դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն նյութեր են ուղարկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 7-րդ պահաբաժնում անհայտ անձանց կողմից 162 հատ տարբեր տեսակի եւ տրամաչափի ծառերի հատման  վերաբերյալ: Այդ հատումների հետեւանքով պետությանը պատճառված վնասը կազմում է 3 միլիոն 349 հազար դրամ:

Տավուշի մարզային քննչական վարչությունն այդ նյութերի հիման վրա քննություն կատարելով, ըստ ամենայնի, քրեական գործ կհարուցի: Նախկինում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի անտառահատումների վերաբերյալ Տավուշի մարզային քննչական վարչությունում 5 քրեական գործ էր քննվում, որոնց վարույթը միավորվել է: Բացի այդ՝ մարզային քննչական վարչությունում շարունակվում է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Աշոտ Դավթյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ  գործը հարուցվեց անցյալ տարի, բնապահպանական պետական տեսչության կատարած ստուգումներից հետո: Ա. Դավթյանը 2014թ. սեպտեմբերին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է, դրանից հետո մեկնել Բելառուս, որտեղ էլ գտնվում է ներկայումս:

Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով («Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները առաջացրել են առանձնապես խոշոր վնաս») եւ 308 հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»): 2014թ. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարեց Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների դեմ խիստ պայքար, փայտով բեռնված բազմաթիվ ավտոմեքենաներ բերման ենթարկվեցին ոստիկանության արգելահրապարակ: Սակայն ոստիկանության այդ գործողություններից հետո Տավուշի մարզում ապօրինի անտառահատումները չեն նվազել:

Դիլիջանի ազգային պարկի տարածքը, որը հատուկ պահպանվող գոտի է, կարծես ծառերի հատատեղի է դարձել: Ի վերջո, ազգային պարկին հարող բնակավայրերում  բոլորն էլ գիտեն, թե ո՞վ է զբաղվում փայտի բիզնեսով, եւ պետական պաշտոնյաներից ո՞վ է նրա «տանիքը»:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին