«Այսօր մեզ պետք է պաշտպանի մեր դիվանագիտական միտքը: Ամբողջ աշխարհում իշխում է Թուրքական լոբբին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց արևելագետ Խաժակ Թոմոյանը:
Նա լուրջ դիվանագիտական քայլ չի համարում Թուրքիայի նախագահին Հայոց ցեղասպանության 100-ամյակին հրավիրելը.
«Թուրքիայի նախագահը հո հիմար չէ, որ գա, բնականաբար չի ընդունի հրավերը: Սա ոչ դիվանագիտական քայլ է, ոչ էլ` դիվանագիտական խորամանկություն: Ի՞նչ քայլ արեց, ոչ մի քայլ էլ չարեց Հայաստանը: Աշխարհում ի՞նչ պետք է ասեն սրա մասին»,-ասաց արևելագետը` քննարկելով նաև Էրդողանի` հրավերն ընդունելու վարկածը.
«Չի էլ բացառվում, որ կգա: Գիտեք` ինչպես կպատճառաբանի: Կասի` ես սրա հետ որևէ կապ չունեմ, դա եղել է 100 տարի առաջ, չգիտեմ` եղել է, թե չի եղել: Բա որ հանկարծ եկավ, դրա «տակից ո՞նց եք դուրս գալու»: Դիվանագիտական միտքը ինչ-որ բան պլանավորե՞լ է, որ հետո դա մեկնաբանի: Գալով չեն ճանաչում: Ցեղասպանությունը ճանաչելու դեպքում հողեր պետք է վերադարձվի, իսկ հողը երբեք առանց արյան հետ չի վերադարձվում: Չկա նման նախատիպ: Ճանաչումը փաստաթուղթ է, որը ստորագրում ու ամբողջ աշխարհին ասում է. Ես ընդունում եմ հայերի Ցեղասպանութունը: Կսկ ինքը եթե գա` կասի բարի կամքի դրսևոում է: Կասի` եկել եմ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, քննարկելու Արցախի հարցը ՀՀ նախագահի հետ: Կգա, բայց Ծիծեռնակաբերդ չի մտնի»,-եզրափակեց Խաժակ Թոմոյանը:
Անի Կարապետյան