▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բադեն-Բադեն, հիմա էլ Հունաստան. Սերժ Սարգսյանի ամառային «վոյաժը»

 

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը յոթ օր Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում հանգստանալուց հետո մեկնել է Հունաստան: Նշենք, որ Բադեն-Բադենում Սերժ Սարգսյանը միայնակ է եղել, իսկ արդեն Հունաստանում Սարգսյանը հանգստանալու է թոռնիկների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀԿ առաջանորդ Սերժ Սարգսյանը շատ բարձր տրամադրություն է ունեցել: Վերջինս, ըստ ականատեսների, հիմնականում մենակ է շրջել քաղաքում, ընտանիքի անդամներից ոչ ոք չի եղել նրա հետ, ու տպավորություն է ստացվել, որ նա արդեն հարմարվել է այն իրավիճակի հետ, որը կա իր պաշտոնանկությունից հետո, ու արդեն քիչ-քիչ վերադառնում է իր առօրյային: Հավելենք, որ նա 7 օր Հունաստանում մնալուց հետո կվերադառնա Հայաստան, այնուհետեւ մի որոշ ժամանակով կմեկնի Արցախ»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքանո՞վ եք հնարավոր համարում աշնանը պառլամենտի ներսում վերադասավորությունները՝ հարցրինք ԲՀԿ ներկայացուցիչ Գեւորգ Պետրոսյանին։ «Վերադասավորումներ, գոնե մեր թիմում, չկան եւ հնարավոր էլ չեն»: Հակառակը` տեսակետ կա, որ ձեր թիմը կուժեղանա։ «Մեր թիմն իր տեղում է, որեւէ մեկի հետ միավորվելու, առավել եւս բաժանվելու հակում, նախադրյալներ չունի, իսկ եթե վերադասավորություններ կլինեն մյուս թիմում, ենթադրվում է՝ դա կլինի կառավարող խմբակցությունում, թող լինի, մենք դրան կվերաբերվենք հարգանքով, որովհետեւ դա իրենց քաղաքական որոշելիքն է»: Ի դեպ, խոսում են, որ վերջին շրջանում շատ ջերմացել են հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ։ «Սասուն Միքայելյանի նկատմամբ անձամբ ես շատ մեծ հարգանք ունեմ, նա վաստակ ունեցող ազատամարտիկ է։ Պարոն Ծառուկյանն էլ բոլորի հետ, ովքեր էս երկրի համար ինչ-որ լավ բան են արել, ունի բարիդրացիական հարաբերություններ։ Քաղաքական ասպեկտով ես չեմ կիսի Ձեր տեսակետը, Սասուն Միքայելյանի հետ զուտ անձնական մտերմություն է՝ իրենք միշտ են մտերիմ եղել, որովհետեւ իրենց բնույթով, ավանդապաշտությամբ, ուղղախոսությամբ շատ մեծ ընդհանրություններ ունեն, իրենց մտերմությունը նաեւ այդ գործոնով է պայմանավորված, եւ պետք չէ այն կապել սպասվող, ենթադրյալ վերադասավորությունների հետ»: Պառլամենտում խոսում են, որ Սասունն ու Արարատ Միրզոյանը միմյանց հետ պրոբլեմ են ունեցել։ «Դրա մասին իմացել եմ համացանցից, ինչը կարող է բացարձակ իրականության հետ կապ չունենալ։ Լրացուցիչ ինֆորմացիա չունեմ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանությունների արտաքին քաղաքականությունը ֆիասկո է գրանցում բոլոր ուղղություններով, հատկապես ռուսական: Վերջերս բավականին հետաքրքիր միջադեպ է արձանագրվել Ալեն Սիմոնյան իղեկավարած հայ-ռուսական պատվիրակության Մոսկվա կատարած այցի ժամանակ. պատվիրակությունը մեկնել էր մասնակցելու 31-րդ համատեղ նիստի աշխատանքներին: Պարզվում է` մեր պատվիրակությանն առավոտ շատ վաղ հյուրանոցից` ճամպրուկներով «գոու հոմ» են արել, երբ Հայաստան թռիչքը պետք է երեկոյան լիներ, մերոնք ճամպրուկները թողել են ավտոբուսում, մասնակցել հանդիպումների, ապա փոխվել են նույն ավտոբուսում, մեկնել օդանավակայան` թռիչքի: «Նման բան երբեք հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ չէր եղել»,- ասաց «ականատեսներից» մեկը: Ի դեպ, պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանն այդ այցի ընթացքում հանդիպում է ունեցել Պետդումայի նախագահի տեղակալ Նեւերովի հետ: Ուշագրավ է, որ այդ մասին Դումայի պաշտոնական ռեպորտաժի նկարում կա միայն Ս. Նեւերովի նկարը, իսկ թիկունքից նկարված «մարդն» ամենեւին էլ Ալեն Սիմոնյանը չէ»:


 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռեւս 2019 թվականի ապրիլի 18-ից շարունակվում են կասեցված մնալ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանիլիազորությունները։ Ինքը` Սանասարյանը եւս աշխատանքից ազատման դիմում չի գրում, ու հարցը առկախված է մնացել: Արդյոք պատճառն այն է, որ իր այդ քայլով Սանասարյանը հնարավորություն չի՞ տալիս որեւէ մեկին նշանակվելու ՊՎԾ պետի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Դավիթ Սանասարյանը նշեց. «Հրաժարական չեմ տալիս, քանի որ կիսատ թողած գործեր ունեմ. կոռուպցիան արմատախիլ անելու խոստումս ուժի մեջ է, որը կարող եմ անել այլ կարգավիճակներով եւս, բայց լինելով ՊՎԾ ղեկավար` այն ավելի արագ կստացվի, քանի որ օրենսդիրը լայն լիազորություններ է սահմանել ինչպես կոռուպցիայի դեմ պայքարելու, այնպես էլ պետական մարմինների գործունեության օրինականության եւ արդյունվետության բարձրացման գործում»։

 

 

 

 

 

 

 

 

«Փաստ» թերթը գրում է. «Այն փաստը, որ ցանկացած իշխանության համար կարեւորագույն բաղադրիչ է համարվում ճիշտ կադրային քաղաքականությունը, եւ հենց դրա շնորհիվ է հնարավոր լինում կազմակերպել ճիշտ կառավարում, գրեթե անբեկանելի ճշմարտություն է։ Ահա այս խնդրի հետ կապված՝ ՀՀ գործող իշխանությունները կանգնած են լուրջ «դիլեմայի» առաջ՝ հատկապես մարզպետների հետ կապված։ «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը նախատեսել է իր «մարզային կադրային քաղաքականության» մեջ վերանայում կատարել եւ, ըստ էության, որոշ մարզպետներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։ Խոսքը միանգամից երեքի մասին է, որոնց անունները մեր աղբյուրները թեպետ չեն նշում, սակայն ելնելով վերջին շրջանում պտտվող անուններից, դժվար չէ կռահել, թե հատկապես որ մարզպետները կազատվեն աշխատանքից , իսկ ավելի ստույգ ՝ կտեղափոխվեն այլ աշխատանքի»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրոպական մի շարք երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները գլխավորած, «Սասնա ծռեր» խմբավորմանը հրապարակայնորեն աջակցած դեսպան Ռուբեն Կարապետյանը նշանակվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խորհրդական: Անցած տարի Կարապետյանը հայտարարել էր, որ հեղափոխությունը չի մտել ԱԳՆ՝ դա հիմնավորելով հետեւյալ կերպ՝ հեղափոխությունը կմտնի ԱԳՆ այն պահից, երբ բոլոր պատահական մարդիկ դուրս կդրվեն համակարգից: Դուրս կդրվեն ոչ թե իրենց ցանկությամբ, այլ ուղղակի անմիջապես հետկանչման հրամանագրերով: Թերեւս հիմա կարելի է արձանագրել, որ հեղափոխությունը մտավ ԱԳՆ»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Աժ նախագահ Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունների ԱՄՆ կատարած այցերին զուգահեռ՝ ԱՄՆ է մեկնել նաեւ ՀՀԿ-ական ակտիվիստ Դավիթ Շահնազարյանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ Շահնարզարյանի այցը անմիջականորեն կապ ունի պետական բարձրաստիճան պաշտոնյաների այցերի հետ եւ նպատակ ունի հակազդելու այդ այցերին, խոչընդոտելու այդ այցերի ընթացքում հնարավոր պայմանավորվածությունների ձեռք բերմանը»:

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Ի թիվս այլ հարցերի, օրակարգում է եղել նաեւ «ԱԺ աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը» փոխելու հարցը։ Քննարկումն անցել է թեժ մթնոլորտում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանն իմքայլականներին մեղադրել են ԱԺ աշխատակազմի «անցանկալիներից» ազատվելու եւ այն յուրայիններով համալրելու մեջ։ Որոշմանը կողմ է քվեարկել «Իմ քայլի» 9 անդամ, 2 դեմ՝ ԼՀԿ-ից, իսկ ԲՀԿ-ն ձեռնպահ է եղել։ Ընդունված որոշման համաձայն՝ իրավական եւ տնտեսական փորձաքննության բաժինները կմիավորվեն, կձեւավորվի նոր բաժին՝ «Փորձագիտության եւ վերլուծության վարչություն» անունով։ Իշխանականների փաստարկը եղել է այն, որ ոչ մի լուրջ իրավաբան կամ տնտեսագետ ԱԺ-ում չի համաձայնի 100 հազար դրամով աշխատանքի անցնել, ուստի պետք է վարչություն ձեւավորել եւ հրավիրել բարձր աշխատավարձով պրոֆեսիոնալների։ Դոնոր կազմակերպությունների միջոցով էլ կհոգան աշխատավարձերի հարցը։ Առաջարկվել է ընդդիմադիրներին՝ ներկայացնել նախագիծ, չափորոշիչներ, որոնց հիման վրա կձեւավորվի նոր վարչությունը, սակայն ԼՀԿ-ականները պնդել են իրենցը՝ նույնիսկ այն բանից հետո, երբ ասվել է, որ խոշորամասշտաբ ատեստացիա կանցկացվի։ Ըստ որոշման՝ ԱԺ անձնակազմի կառավարման վարչությունը կվերանվանվի մարդկային ռեսուրսների կառավարման, լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը՝ հասարակայնության հետ կապի եւ հաղորդակցության, քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժինը կմիանա ընդհանուր բաժնի հետ՝ կկոչվի քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչություն»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ: Խմբակցությունը առաջարկում է ծառայության ընթացքում երրորդ կարգի հաշմանդամություն ստացած սպային տրամադրել 35 մլն, ենթասպային 25, իսկ շարքայինին 15 մլն հատուցում»:

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ, շաբաթ-կիրակի Արցախում էր։ Հանդիպել են Արցախի ԱԺ գործընկերների հետ։ Ապա պաշտոնապես հայտարարեցին, որ խնդիրներ կան Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի օրինականության հետ կապված։ Արցախից մեր աղբյուրն ասաց․ «Գիտակցում են, որ վաղ թե ուշ Սամվել Բաբայանին իրենց դեմ են սրելու, եւ ասում էին, որ ՀՀ վերին էշելոններում գիտակցումը կա, որ Սյամոն ամբողջությամբ հակաօրինական դաշտում է գործում»։ Հիշեցնենք, տեղեկություններ էին շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն աջակցում է Բաբայանին։ Այժմ ասվում է, որ նրան աջակցում են ՌԴ-ից, թերեւս այդ պատճառով որոշեցին կանխել Բաբայանի «պլանը»։

«168 ժամ» թերթը գրում է. «Վրաստանի նախագահը երկու նպատակով է արել նման հայտարարություն։ Առաջինը՝ վրաց նախագահը նկատի ունի աջակցություն բոլոր այն գործընկեր երկրներից, որոնք կարող են ստանձնել այդ դրական դերակատարությունը Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ։ Այդ հայտարարությունն ուղիղ կերպով կարող է վերաբերել նաեւ Հայաստանին, քանի որ Հայաստանի համար Վրաստանը կարեւոր հարեւան է, դեպի Եվրոպա տանող՝ Հայաստանի համար միակ բաց ճանապարհը, առեւտրային եւ տարածաշրջանային տարանցիկ առանցքային գործընկեր եւ պարզապես հարեւան երկիր, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամներ են, հայ-ռուսական առեւտրաշրջանառությունը, արտահանումն ու ներմուծումը դեպի այս ուղղություն տեղի է ունենում Վրաստանի միջոցով, քանի որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Ռուսաստանի եւ ԵՏՄ որեւէ երկրի հետ»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել վրացի նախկին պաշտոնյա, քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, թե Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում ակնկալում է գործընկերների աջակցությունը։ Նա նշել է, որ այս բարդ տարածաշրջանային քաղաքական իրավիճակը Հայաստանին դրել է մի իրավիճակի մեջ, երբ այս հարաբերությունների սրումն ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար։ «Եվ, այո, Հայաստանը ցանկության դեպքում կարող է միջնորդական ջանքեր իրականացնել»,- ասել է նա»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում նիստ է հրավիրվել, եւ ԲԴԽ գիտնական անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը եւ Գրիգոր Բեքմեզյանը բարձրացրել են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանիհարցը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գիտնական անդամները ասել են, որ 2018 թվականի նոյեմբերին Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ իրենք պատրաստվում են քննել այդ դիմումը եւ ԲԴԽ-ի հուլիսի 15-ի օրակարգում ներառել են Նախշուն Տավարացյանի հարցը: Ի պատասխան` Նախշուն Տավարացյանն առարկել է` ասելով. «Ես, դատական օրենսգրքի համաձայն, իմ պաշտոնը ստանձնել եմ 2019 թվականի հուլիսի 11-ին, դարձել եմ լիարժեք ԲԴԽ անդամ եւ երդում տալուց հետո Ձեզ հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, ուստի հետաքրքիր է` Դուք ինչ դիմում եք ուզում քննարկել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին