Մայրանում է առավոտը
Արեգակի կրծքի տակ,
Խորհրդավոր անծանոթը...
Շուտով կգա լույս աշխարհ:
Կմանկանա լուսադեմին,
Կվազվզի մայթերով,
Կզմայլվի աշխարհը հին
Ժիր մանկիկի գույներով...
Ժամանակը ուսուցչի պես,
Բռնած ձեռքից մանկիկի...
Դասեր կտա մինչ օրվա կես,
Խորհուրդներում իր գրկի...
Հույզեր իրար կգումարվեն,
Կհանդիպեն անուրջներ...
Մի տեղ շուրթեր բույր կքաղեն,
Սեր համբույրի կամուրջներ:
Մյուսում` կարո~տ,հուշե~ր-հուշե~ր,
Անդարձության ցուրտ կանգառ,
Կհասկանա մանուկն արդեն,
Ինչն է կոչվում` լույս աշխարհ...
Կհասկանա~,վեր կհառնի~,
Կսովորի օրն ապրել,
Մինչ երեկոն հասակ առնի,
Իջնի հասու~ն մի գիշեր...
Ինչքան` ճիշտ եք ու ներդաշնակ...
Կյանք,բնություն ու տիեզերք,
Ես գիտեի,որ երկնի տակ
Առեղծված է անեզերք,
Բայց,որ մարդն էլ օրվա նման
Ամեն բացվող առավոտ,
Արթնանում է ճիչով մանկան,
Նույն նորածնի աչքերով,
Հառնում է վե~ր,դառնում կեսօր,
Հույզե~ր,կարո~տ,անուրջնե~ր,
Տե~ր իմ,Աստված,պարզվում է,որ
Ապրե~լ ու չեմ նկատել...
Ժամանակը ուսուցչի պես,
Թաքուն հուշում է կրկին:
Լույս աշխարհ եք եկել էսօր...
Մարդի~կ,ապրեք` նորածին...
Այս է կյանքը,և ոչ թե` այն
Ինչ կոչում են տարիներ...
Մայրանում է օրը կրկին,
Բարև~ ,նոր կյանք,նոր` արև~:
Ազատ Աբրահամյան
Բարև~,նոր կյանք...
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet