Թարմացված․ «Փորձ է արվում մարդկանց համոզել, որ նրանք սկսեն չհավատալ սեփական աչքերին»,– այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով իր գործով դաատական նիստին։
«Սրանք չեն հասկանում, որ մարդիկ տեսնում են ամեն ինչ ու հասկանում են, որ տեղի ունեցողը ծաղր է թե՛ արդարդատության, թե՛ իրավունքի, թե՛ տղամարդկության, թե՛ բարոյականության նկատմամբ։ Այսօրվա դատական նիստը հերթական անգամ փաստեց, որ ինձ հետ կատարվողը քաղաքական հետապնդում է, միտված խոչընդոտելու իմ քաղաքական ընդդիմադիր գործունեությանը»,– Տելեգրամի իր էջում գրել է Քոչարյանը:
***
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով առաջին դատական նիստը: «Էս դատական նիստը այ էս դրվածքով, երբ ես այստեղ եմ նստած, իսկ ինձ ծեծող ոստիկաններն այնտեղ, հայտնվում է դատարանում, ու դեռ մի հատ էլ դա պաշտպանող դատախազներ են գտնվում... Ինչքան էլ փորձենք ինչ-որ մարդկանց հիմարի տեղ դնել, մարդիկ նայում են, տեսանյութերը բոլորի աչքի առաջ են: Սենց մեղադրանքը դատարան բերող, պաշտպանող, էս ամեն ինչի տակ մտնող դատախազներ ունենք, սա լուրջ խնդիր ա, բարոյականության մասին չեմ ուզում խոսել։ Բոլորը հասկանում են, թե ինչ է կատարվում»,- ասաց Քոչարյանը: Հիշեցնենք, ըստ Լևոն Քոչարյանին ներկայացված մեղադրանքի, նա սեպտեմբերի 22-ի ցույցի ժամանակ չի կատարել կարմիրբերետավորների` ճանապարհը բացելու պահանջը և բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, մինչդեռ, ըստ Քոչարյանի, հակառակն էր տեղի ունեցել։ |