gamarjoba.ge: Քոբուլեթի, Բաթումի, Չաքվի՝ եթե նույնիսկ հաջողացրել եք դեռ չլինել Աջարիայի այս ծովափնյա բնակավայրերում, ապա հաստատ բազմիցս լսել եք, իսկ ամառը գալուն պես ականատես եք եղել հարեւանների թեժ քննարկումներին, թե որն արժի նախընտրել այս տարի:
Մինչդեռ Վրաստանի արեւմուտքում միայն Աջարիայի լողափերը չեն: Այստեղ կգտնեք մի շարք հետաքրիր ու դիտարժան վայրեր, որոնք, ի դեպ, նույնպես հարեւան երկրի զբոսաշրջության հենաքարերն են:
Եվ այսպես, ինչպիսի՞ն է արեւմտյան Վրաստանը՝ Քոբուլեթիից անդին:
Գամարջոբա, ԱՋԱՐԻԱ
Բաթումիից 15-20 րոպե մեքենայով՝ եւ հայտնվում ենք Աջարիայի կանաչապատ սարերում: Գյուղական տնակներն այստեղ հետզհետե պակասում են, եւ հայտնվում ենք անտառապատ բլուրներով շրջապատված խաղողի այգիներում: Այո, Վրաստանում խաղողագործություն կա ոչ միայն Կախեթիում:
Աջարիայի սարերում՝ Աճարիսծկալի գյուղում է գտնվում «Աջարական գինետուն» համալիրը, որը ներառում է ռեստորան, մառան, խաղողի այգի եւ գինու գործարան: Տեղական չխավելի խաղողի տեսակից վրացական ավանդական տեխնոլոգիայով՝ քվեւրի կավե սափորնորում պատրաստվում է համանուն ռոզե (վարդագույն) գինին, իսկ սպիտակ գինու սիրահարներին առաջարկվում է կախեթեկան րքածիթելի եւ ցոլիկոուրի խաղողի տեսակներից պատրաստված համանունը:
Անպայման այցելեք, համտեսեք ինքներդ, տեսեք՝ ո՞րն եք նախընտրում:
Սարփին արեւմտյան Վրաստանի սահմանային՝ ամենահարավային լողափն է: Էստեղից արդեն երեւում է սահմանից այն կողմ գտնվող մոտակա թուրքական մզկիթը: Բնակավայրը գտնվում է անցակետին շատ մոտ, ուստի տարածքում արդեն կարող եք հանդիպել որոշ ցուցանակներ նաեւ թուրքերենով:
Սարփիի եւ աշխարհագրորեն դրան նախորդող Գոնիոյի լողափերը սիրված են հատկապես տեղացիների կողմից: Հարցրեք բաթումեցիներին, թե ծով գնալիս որ ափն են նախընտրում, եւ նրանք հիմնականում կպատասխանեն՝ Սարփի կամ Գոնիո: Բաթումիից սահմանային Սարփի կարելի է հասնել 15-20 րոպեում՝ ավտոբուսով կամ երթուղայինով:
Գամարջոբա, ԻՄԵՐԵԹԻ
Ուչա Չիկովանին հանում է իր նվիրական եղջյուրը եւ կենաց բարձրացնում. Չիկովանիի տոհմական տանը սովոր են հյուրեր ընդունել: Սարերի ոլորապտույտ ճանապարհներին` Իմերեթիի եւ Սամեգրելոյի գրեթե սահմանին գտնվող այս հյուրատունը երկհարկանի փայտե ու քարե շինություն է՝ մի քանի հարմարավետ սենյակներով, կանաչապատ այգիով, բացօթյա լողավազանով եւ ընդարձակ փայտե ճաշասենյակով, ուր պահվում են նաեւ տոհմական գինիների սափորները:
էստեղ ամեն ինչ այնքան խաղաղ է ու էներգիայով լի, որ մի պահ թվում է՝ էլ չես գնալու, եկել ես մնաս, էլ ո՞ւր ունես գնալու: Եվ իրոք, կարծես ամեն ինչ կա՝ համեղ ուտելիքը, գինին, Ուչան, ով անդադար խմում է եւ ինչ-որ անհավանական պատմություններ պատմում՝ յուրաքանչյուրից հետո մի գդալ դրական բարեմաղթանքներ շռայլելով:
Հենց այդ պատմություններից էլ իմանում ես, որ այս տունը կառուցել է Ուչայի տատիկը: Չիկովանիների ազնվական ընտանիքը մի քանի դար շարունակ սպասարկել է տեղի իշխաններին՝ Դադիանիներին: Ուչան իրեն համարում է տոհմի առաքելությունը շարունակողը:
Այստեղ էլ հենց կարող եք համտեսել թերեւս աշխարհի ամենա-իմերեթական իմերուլի խաճապուրին: Ինչպես ասաց իմ լավ ընկերներից մեկը՝ փաստորեն այս խաճապուրիները բացարձակ կոմերցիալիզացված չեն: Հենց էստեղ, Իմերեթիի լեռներում գտնվող այս բնակավայրում է ծնունդ առել իմերուլին: Ուչա Չիկովանիի հյուրատանն այն պատրաստում են տեղացիները, սեփական պատրաստության պանրով եւ, մոռացա ասել՝ անմիջապես տեղում:
Մի խոսքով, այդ կողմերում լինեք՝ Ուչա Չիկովանիին անպայման այցի գնացեք:
Գամարջոբա, ՍԱՄԵԳՐԵԼՈ
Մարտվիլի կիրճը Վրաստանի արեւմուտքում Սամեգրելո շրջանի Ինչխուրի գյուղի հարեւանն է: Երկարությունը 2400 մետր է: Ժայռեր, առատ բուսականություն, ջրվեժներ. Աբաշա գետի այս հատվածը պահպանման գոտի է, ուստի գետն ու հարակից ժայռերն այստեղ առաջարկում են կանաչի եւ կապույտի անհավանական երանգներ:
Մարտվիլի բազում զբոսաշրջիկներ են այցելում, տոմսարկղի հերթը գուցե մի փոքր երկար լինի. այստեղ գալիս են ոչ միայն արտասահմանցիները, այլ նաեւ բազմաթիվ տեղացիներ: Առջեւում 20-րոպեանոց թիավարություն է գետով. կարող եք նաեւ թիավարելու փոխարեն զբոսնել կիրճի երկայնքով:
Արդեն մոտենում ենք ափի հյուսիսային ծայրին՝ Աբխազիայի հետ սահմանին: Զուգդիդին Սամեգրելո եւ Զեմո-Սվանեթի շրջանների մայրաքաղաքն է: Այն մոտ մի քանի հարյուր տարվա պատմություն ունի: Այսօր Զուգդիդիի ամենադիտարժան վայրը թերեւս Դադիանի իշխանական տոհմի պալատ-թանգարանն է՝ հիմնադրված 19-րդ դարասկզբին, իսկ բուսականության սիրահարների համար այստեղ կա եւս մեկ, սակայն ընդարձակ եւ առանձանահատուկ բուսաբանական այգի՝ հիմնադրված դեռ 19-րդ դարի կեսին որպես Սամեգրելոյի իշխան Դավիթ Դադիանիի դեկորատիվ պարտեզ:
Ահա եւ Անակլիան՝ Վրաստանի վերջին տարիների այսպես ասած՝ մտահղացումը: Անակլիան նորաստեղծ ծովափնյա հանգստյան գոտի է. ոչ թե այն իմաստով, որ նախկինում էստեղ ծով չի եղել, այլ պարզապես այն զբոսաշրջիկների այցելության վայր դարձնելու աշխատանքները սկսվել են համեմատաբար վերջերս: Աբխազիայի հենց սահմանին՝ մինչ սահմանի գոյությունը սովետական տարիների աբխազական հանգստյան գոտիների նմանությամբ, ավելի ճիշտ՝ փոխարեն: Անակլիայում ամառվա ընթացքում տեղումները հազվադեպ են, իսկ լողափը՝ ավազոտ:
Ենթակառուցվածքային տեսանկյունից, իհարկե, Անակլիայում դեռ անելիքներ շատ կան: Այս պահին ուրբան հանգստյան գոտու ակնարկներից էստեղ առկա են միայն 3 հյուրանոց եւ մի քանի հյուրատներ: Իհարկե, ցանկացողներին կարող են հյուրընկալել նաեւ բնիկները՝ գյուղի բնակիչները:
Անակլիայում լինելու ամենակարեւոր առիթը թերեւս երաժշտական է: 2016-ը երկրորդ տարին է, ինչ էստեղ անցկացվեց էլեկտրոնային երաժշտության միջազգային փառատոնը՝ GEM Fest-ը:
...
Ինգուրի գետի վրայով անցնող 540-մետրանոց հետիոտնային նորակառույց կամուրջը կապում է Անակլիան հարեւան Գանմուխուրի գյուղի հետ: Հենց այս կամուրջի սկիզբն է GEM Fest-ի անցակետը, իսկ կամուրջն էլ՝ փառատոնի տարածք տանող ճանապարհը: Ի դեպ, Գանմուխուրիից արդեն երեւում է Աբխազիան:
Իսկ 2017-ի ամառը առջեւում է, ուստի՝ կարող եք արդեն պլանավորել հաջորդ ճամփորդությունը Վրաստան, օրինակ՝ հյուսիսային սահմանին գտնվող ծովափնյա Անակլիա, օրինակ՝ մի ամբողջ ամսով, հուլիսի 14-ից մինչեւ օգոստոսի 14-ը, մասնակցելու GEM Fest 2017-ին:
Հեղինակ՝ Ռուզան Սաֆարյան
Աղբյուրը՝ gamarjoba.ge