Անգլիական «The Spectator» շաբաթաթերթի հոդվածագիր Դուգլաս Մուրեյը թերթի կայքում հրապարակած հոդվածում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորող բանաստեղծությունների մրցույթի մասին: Ինչպես տեղեկացնում է «BBC»-ի թուրքական ծառայությունը, մրցույթի հայտարարումը յուրահատուկ բողոքի ակցիա է` ուղղված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանի դեմ դատական գործընթաց սկսելու թույլտվության դեմ:
Իսկ իրավական գործընթաց սկսելու պահանջը ներկայացրել էր Թուրքիայի կառավարությունը, այն բանից հետո, երբ երգիծաբանը գերմանական հեռուստաընկերությամբ Էրդողանին ծաղրող բանաստեղծություն էր կարդացել: «The Spectator»-ի հոդվածագիրը նշել է նաև այն էլեկտրոնային հասցեն (theeditor@spectator.co.uk), որով մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են ուղարկել Էրդողանին վիրավորող բանաստեղծությունները: Մուրեյը ընթերցողներից խնդրել է ուղարկել 5 տողանոց բանաստեղծություններ, որոնք հնարավորինս շատ վիրավորանքներ կպարունակեն Էրդողանի հասցեին:
Հոդվածագիրը տեղեկացրել է, որ մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչև հունիսի 23-ը (այդ օրը երկրում անցկացվելու է հանրաքվե Եվրամիության կազմում մնալ-չմնալու թեմայով): Նշենք, որ Գերմանիայի կառավարության թույլտվությամբ Էրդողանին ծաղրած Յան Բյոհմերմանի դեմ մեղադրանք կառաջադրվի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով` օտար պետության քաղաքական գործչին կամ կազմակերպությանը վիրավորելու համար: Նշյալ քրեական հոդվածը նախատեսում է 3-5 տարվա ազատազրկում:
Աղբյուր` Ermenihaber