▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ցավալի նորույթ». Իրավաբանը` այլընտրանքային պատիժների կատարման աշխատակիցների պահվածքի մասին. «Առավոտ»

«Մասնավոր անձանց կողմից հանցագործություն, ընդհանուր առմամբ համակարգային լուրջ թերացում»,- «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում  AM իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանն այսպես է բնութագրել 32-ամյա Արման Գասպարյանի հետ կատարվածը:

Հիշեցնենք. վերջինս դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ հայտնելով, որ արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել եւ հայհոյել: Նա Պաշտպանին է ներկայացրել նաեւ ձայնագրություն, որն ըստ Արմանի` վկայում է միջադեպի մասին:

Երիտասարդը պատմել է, որ մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում, իր մեքենայով ընկերոջը տարել է արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձինք եւ բռնություն են գործադրել նրա հանդեպ:

Ավելի ուշ դեպքի առիթով նշանակվեց ծառայողական քննություն:

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն պատկան մարմինները` «Առավոտի» հարցին Գրիգոր Մինասյանն ասաց. «Կարծում եմ՝ հատուկ քննչական ծառայությունը պետք է օպերատիվ եւ օբյեկտիվ քննություն իրականացնի, իսկ արդարադատության նախարարությունը ընթացող քննությանը զուգահեռ նորովի եւ ավելի ուշադրությամբ անդրադառնա իր համակարգում առկա նման խնդիրներին:

Քրեակատարողական հիմնարկներում բռնությունների եւ այլ իրավախախտումների մասին հասարակությունը տեղյակ է տասնամյակներ, բայց այն, որ այլընտրանքային պատժի ծառայության աշխատակիցներն են մարդ ծեծում, դա արդեն ցավալի նորույթ է»:

Դիտարկմանը` բոլորն էլ գիտեն, որ ոչ միայն արդարադատության համակարգում, այլեւ ՀՀ իրավապահ համակարգում ընդհանրապես աշխատանքի նման մեթոդները կիրառելի են, վերջերս այդ մասին սկսել են բարձրաձայն խոսել, բայց խնդիրը դրանից լուծում չի ստանում, եւ ՀՀ իրավապահ համակարգում համառորեն պահպանվում են սովետական ավանդույթները՝ ո՞րն է պատճառը. մեր զրուցակիցը հակադարձեց, որ ոստիկանությունում եւ կալանավայրերում ծեծն ու բռնությունը վերջին տարիներին էականորեն նվազել են. «Չնայած դրան՝ կալանավայրերում սովետական ավանդույթները դեռ որոշակի չափով պահպանվում են: Ինչ վերաբերում է պրոբացիոն՝ այլընտրանքային պատժի ծառայությանը, ապա այն նոր համակարգ է, որը անգլոսաքսոնական երկրներից տարածվել է ռոմանագերմանական երկրներ, այնուհետեւ ներմուծվել հետխորհրդային տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան:

Քանի որ այս համակարգը պետք է միտված լինի հանցագործություն կատարած անձին վերադաստիարակելուն, նրան հոգեբանական աջակցություն ցուցաբերելուն, առավել անհասկանալի է ու անընդունելի սովետական բռնի բարքերի ներթափանցումը այս նոր ստեղծվող եւ զարգացող համակարգ: Թե որոնք են նման երեւույթների պատճառները, ապա այստեղ կարելի է նշել փակ համակարգերից ժառանգված ավանդույթները, վատ վարչարարությունը եւ առանձին անհատների հանցավոր պատկերացումները սեփական իշխանության մասին»:

Ի՞նչ է պետք իրական փոփոխությունների համար` հարցին էլ Գրիգոր Մինասյանը պատասխանեց. «Իրական փոփոխությունների համար անհրաժեշտ է ի կատար ածել Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հաստատված դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը: Այսինքն՝ պետք է արդեն իսկ հաստատված ծրագիրը իրականացնել արդյունավետ մենեջմենթով եւ շարունակել հետեւողական համագործակցությունը ԵԱՀԿ-ի եւ այլ կառույցների հետ՝ պրոբացիոն ծառայությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար»: 

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին