Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի խումբ բնակիչներ նամակով դիմել են Asekose.am-ին` ներկայացնելով հանգստյան օրերին խմելու ջրի բացակայության հետ կապված իրենց բողոքն ու դրա վերաբերյալ պատկան մարմինները անտարբերությունը:
Բնակիչների նամակը, բացառելով դրանում ներկայացված վիրավորական մի քանի արտահայտություններ, ներկայացնում ենք ստորև` սպասելով` եթե ոչ Երևան ջուր ընկերության արձագանքին, գոնե` հարցի լուծմանը:
Արդեն 3-րդ շաբաթն է Արաբկիր համայնքի Հովսեփ Էմինի 7 շենքը շաբաթ-կիրակի օրերին զրկված է խմելու ջրից: Բնակիչները բազմիցս դիմում են հարցով միակ պատասխանատու Երևան ջուր ՓԲԸ-ին, որտեղից մի բարակ ձայնով օպերատոր անընդմեջ ռոբոտի միալար տոնայնությամբ միայն կրկնում է` Տվյալ տարածքում ջրանջատում չկա: Ձեր համարը գրանցվեց, Ձեզ կարձագանքեն... և 3-րդ շաբաթն է որևէ արձագանք չկա, առավել ևս` խնդրի որևէ լուծում: Հարցին, թե գուցե այլ համար տրամադրեք, կամ տնօրինության որևէ կոորդինատ, որպեսզի դիմենք տարրական տեղեկատվություն ստանալու և հարցը հնարավորինս արագ լուծելու համար, հնչում է միակ պատասխանը` ընկերությունը հեռախոսահամարներ չի տրամադրում, սա մասնավոր կազմակերպություն է: Դե արի բացատրիր, որ աղջիկ ջան, որքան էլ մասնավոր կազմակերպություն է, այն ենթարկվում է պետությանը, քանի որ կանոնակարգում է հանրային ամենամեծ սեկտորը` ջրօգտագործումը, հետևաբար և իր ծառայության համար հաշվետու է կառավարությանն ու հանրությանը:
Ինչպե՞ս կարելի է պատկերացնել` հանրային սպասարկման ընկերությունը բացի այդ չարաբաստիկ 1-85 հեռախոսահամարից այլ կապի միջոց չունի, և բնակիչները այնքան պետք է սպասեն մինչ այդ «օպերատոր» կոչվածը բարեհաճի զանգահարել տվյալ տարածքի մասնաճյուղ և զեկուցել խնդրի մասին:
Հետո էլ այդ նույն կազմակերպությունը բողոքում է, թե խմելու ջրի հսկայածավալ կորուստներ է ունենում և այլն , երբ անգամ ալարում են բնակիչների ահազանգով մի տեսուչ ուղարկել, ով կգա և տեղում կպարզի` ինչն է պատճառը, որ տվյալ տարածքում ջրանջատում չկա, բայց բնակիչները ջուր չունեն: Սրանից հետևություն, որ Երևան ջրում կատարյալ անարխիա է տիրում` թե’ տարրական տեղեկատվություն տրամադրելու և թե սպասարկման նորմալ որակ ապահովելու առումով: