Ամանորի նախատոնական օրերին «Կովկաս» ռեստորանում նախկինների ու ներկաների՝ «սևերի» ու «սպիտակների» միջև լուրջ միջադեպ է եղել։ Բախումը տեղի է ունեցել Աջափնյակ վարչական շրջանի (թաղապետարանի) նախկին ու ներկա աշխատակիցների միջև. պատճառը եղել է հեղափոխությունից հետո թրենդ դարձած սևեր-սպիտակներ բաժանման շուրջ ծավալված տհաճ քննարկումները։
168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ բանկետի ամենաթեժ պահին գինովցած մասնակիցներից մի քանիսը սկսել են իբր իշխանահաճո զրույց ծավալել, հների ու նորերի միջև համեմատություններ են արել, վարկաբեկիչ բառերով սուր քննադատել են նախկիններին, այդ թվում՝ նախկին ՀՀԿ-ական թաղապետի գործունեությունը, ինչից վրդովվել են թաղապետարանի հնաբնակները, և «քաղաքական դիսկուրսը» վերածվել է մեծ ծեծկռտուքի։
Մեր տեղեկություններով՝ միջադեպին ներգրավված են եղել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար (թաղապետ) Գևորգ Բաբայանի վարորդն ու օգնականը, ինչպես իրենք են իրենց անվանում՝ «մի խումբ սպիտակներ»։ Եվ, ըստ մեզ փոխանցված տվյալների, «սևերից» 4 տղաներ ծեծել են միջադեպը հրահրած՝ թաղապետարանի աշխատակազմի ղեկավարին, տնտեսվարին ու վարչական շրջանի ղեկավարի վարորդին։
Գևորգ Բաբայանը, ասում են, ի սկզբանե նկատել է, որ դահլիճում կանանց ներկայությամբ «սևերի ու սպիտակների միջև» լարված զրույց է ծավալվում։ Սկզբում Բաբայանը փորձ չի արել միջամտել երիտասարդների բանավեճին, իսկ հետո արդեն իրավիճակը դուրս է եկել «կոնտրոլից», և տղամարդիկ հայհոյախառն արտահայտություններով, իրար քաշքշելով դուրս՝ ծեծկռտուք են հրահրել, թաղապետն անհետացել է աշխատակիցների տեսադաշտից։
Ավելին, ուշագրավ է, որ Աջափնյակի թաղապետի հրավերով նույն բանկետին ներկա են գտնվել վարչական տարածքի դատախազը, ոստիկանապետը և ուժային կառույցներից այլ ներկայացուցիչներ։ Ստացվում է՝ նրանց ներկայությունը չի սաստել վեճի բռնվածներին, իսկ թե սույն պաշտոնյաները միջամտե՞լ են ծեծկռտուքին, թե՞ ոչ՝ մեզ առայժմ չհաջողվեց պարզել։
Ուշագրավ է, որ ռեստորանից զանգահարել են ՀՀ ոստիկանություն, չնայած միջադեպի վայրից հաղորդում ստանալու մասին մեր տեղեկությունը Ոստիկանությունը չհաստատեց։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքում է, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը գրավոր կամ բանավոր նկատողություն է ստացել, իսկ հարցին ի պատասխան, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Բաբայանի սեղանին այս օրերին մի քանի ազատման դիմումներ են դրվել, խնդրեց պարզաբանում ստանալ ուղիղ հասցեատիրոջից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում