▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ մոռանալու հայ ազգի թշնամիներին՝ ոչ Արևմտյան Հայաստանում կոտորված հայերի դահիճներին, ոչ 44 օրյա պատերազմի մեղավորներին

Հաղորդավարուհիդերասանուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայր լինելը երկրային բերկրանք է, որից հազարավոր կանայք և աղջիկներ զրկվեցին Օսմանյան կայսրության նախաձեռնած գործողությունների պատճառով, իսկ հիմա Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության հետևողական գործողությունների հետևանքով: Մայրության և գեղեցկության հիասքանչ տոնը այս տարի վերածվել է (համենայնդեպս ինձ համար) մղձավանջի:

Այսօր մոտավորապես 10 000 հայ մայր չի լսի իր զավակի շնորհավորական խոսքերը, որովհետև նրանց զավակները զոհ են դարձել սեփական երկրի դավաճանության, անհետ կորած են կամ գերության մեջ են, կամ էլ այնպիսի հետպատերազմական առողջական խնդիրներ ունեն, որ չեն կարող արտաբերելՄամ ջան, տոնդ շնորհավոր». այդքան պարզ, բայց բոլոր մայրերի համար կարևոր բառերը: Ժամանակին թուրքերը զրկեցին կյանքից հարյուր հազարավոր հայ կանանց, թույլ չտալով մայրանալ և հայ զավակների լույս ախարհ բերել, այսօր մենք այլ պատմական դաժան իրականության մեջ ենք:

Մենք խնդիր ունենք մեր սեփական հողի վրա, մեր Հայրենիքում՝ մեր Հայաստանում խոսել պատմական դատաստանի մասին, որովհետև մեր երկրի ղեկավարները փաստացի ստիպում են մեզ բարեկամ համարել մեր ոխերիմ թշնամուն և կառուցողական լինել՝ հավաստիացնելով, որ ոչինչ չի խանգարում լինել բարեկամ 1500000 հայ դաժանաբար կոտորած ազգի հետ:

Ես չեմ շրջելու պատմության այս էջերը: Ես չեմ մոռանալու հայ ազգի թշնամիներին՝ ոչ Արևմտյան Հայաստանում կոտորված հայերի դահիճներին, ոչ 44 օրյա պատերազմի մեղավորներին: Հայ կինը պետք է ապրի կայուն և զարգացող երկրում, պետք է լույս աշխարհ բերի հայ զավակների, հերոսներ, գիտնականներ ու արվեստագետներ դաստիարակի, իրենց երկիրը սիրող ու փայփայող, պատմությունը իմացող և անդավաճան հայերի:

Կեցցեն հայ կանայք...Դուք տարբեր եք՝ ուժեղ ու նվիրվող: Կներեք, եթե այսօր ձեր զավակից չեք լսի շնորհավորական խոսքեր, փոխարենը ( թույլ կտամ ինձ այս անգամ ազգի անունից գրել) ողջ ազգը ծնկի է իջնում ձեր առջև և ներողույթուն խնդրելու հետ մեկտեղ շնորհակալություն հայտնում ձեր և ձեր զավակների հերոսության համար և շնորհավորում ձեզ: Մամաներ ջան, առողջ եղեք և ապրեք երկար հանուն ձեր զավակների հիշողության և հանուն ձեր մյուս զավակների, որ դեռ շատ լուսավոր օրեր կպարգևեն ձեզ .... »:

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին