Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 12-ին միջադեպ է գրանցվել ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Ադրբեջանցիները կրկին իրենց որդեգրած սովորության համաձայն՝ կրակ են բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ, ովքեր գնացել էին խաղողի բերքը հավաքելու: Արդյունքում՝ վիրավորվել է Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը:
ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Ներքին Կարմիրաղբյուրի վարչական տարածքում, որը, սակայն, ավելի մոտ է Այգեպար գյուղին:
ASEKOSE.am-ի թղթակիցը կապ հաստատեց նաև Նավուր գյուղի գյուղապետ Արամ Նիգոյանի հետ, ով տեղեկացրեց, որ Հայկը այժմ դեռ գտնվում է Բերդի հիվանդանոցում, սակայն կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը բարելավվում է: Ի դեպ՝ Հայկ Քոսակյանը 30 տարեկան է:
Արամ Նիգոյանի խոսքով՝
«Գնացել են խաղողի բերքավաքի, սակայն Հայկը չի էլ հասցրել իջնի մեքենայից, երբ կրակել են: Արդյունքում՝ վիրավորում է ստացել կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից»:
Հասմիկ Գյոզալյան